Տասն ամիս տևած դատաքննությունից հետո դատարանը ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին մեղավոր ճանաչեց «ավտոբուսի գործով» խուլիգանության համար: Միաժամանակ արդարացրեց համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու դրվագով: Այսօրվա նիստում դատարանը միայն այս որոշումը կայացրեց, իսկ պատժաչափի մասին դատավոր Դավիթ Արղամանյանը կհայտարարի հաջորդ նիստերի ընթացքում:
Մեկ տարի առաջ 30-ամյա Վարդանյանը քաղաքային տրանսպորտում նկատել էր այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել, պատգամավորին էլ տուժողի կարգավիճակ էին տվել:
Ամիսներ առաջ իշխող թիմից հեռացված Ասլանյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց իր բողոքն ու հավելեց՝ Վարդանյանն ինքն է իրեն հասցրել դատարան, և ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքի համար:
«Ես կարծում եմ, որ դատարանը օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացնելու: Դատարանի առջև Սամվելը ինքն է իրեն տարել, ոչ մեկը նրան չի տարել դատարանի առջև, մարդը իր արարքների համար պատասխան տալիս: Ոչ մեկը իրավունք չունի դիմացինին, դիմացինի արժանապատվությանը կպնելու», - հայտարարել էր Ասլանյանը:
Սամվել Վարդանյանը շարունակում է արդարացում պահանջել նաև խուլիգանության մեղադրանքի համար: Սկզբում տնային կալանքի տակ պահված, այժմ գրավով ազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստն այսօր էլ ասաց՝ որևէ հանցագործություն չի արել, իր այս վերաբերմունքը կարող էր դրսևորել իշխանության ցանկացած ներկայացուցչի նկատմամբ, ով ունի որոշումներ կայացնելու իրավունք: Հարցնում է՝ ինչո՞ւ են իրավապահները խտրականություն ցուցաբերում ու բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության չեն ենթարկում ընդդիմադիրների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, և միայն կենտրոնանում են ընդդիմադիրների վրա. - «Ի՞նչ ա սա, եթե ոչ երկակի ստանդարտներ, ի՞նչ ա սա, եթե ոչ՝ յուրայինին ներել, անտեսել, աչք փակել, իսկ ընդդիմադիրի վիրավորական արտահայտությունը նման հետևանքներ ունեցավ»:
Վարդանյան այսօր էլ պնդեց՝ իր վերաբերմունքը չի փոխվել իշխանության նկատմամբ, բայց այլևս նման բան իշխանավորների նկատմամբ չի անի. - «Ուղղակի հաշվի առնելով, որ անկախ իմ կամքից՝ իմ հարազատներին իմ քայլերը, գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառում, ինչպես նաև հետևելով իմ կողմից շատ սիրելի ու հարգելի պաշտպանների հորդորներին, ես իմ՝ իշխանականներին հանրային պարսավանքի արժանացնելու գործողություններում, մարտավարություններում փոփոխություն եմ անելու՝ նման միջադեպի մեջ չհայտնվելու համար»:
Խուլիգանության համար Վարդանյանին երկու տարվա ազատազրկում է սպառնում, բայց, ինչպես փաստաբան Ռուբեն Մելիքյանն է ենթադրում, իր պաշտպանյալը չի ազատազրկվի՝ դատարանն, ամենայն հավանականությամբ, կամ կտուգանի Վարդանյանին, կամ էլ հանրային աշխատանքներում կներգրավի:
«Խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում, բայց միևնույն ժամանակ կա մեկ այլ հոդված Քրեական օրենսգրքում, համաձայն որի՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում», - ասաց Մելիքյանը:
Թե՛ Վարդանյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են խոսել ընտրովի արդարադատությունից: Ակտիվիստը ուղիղ մեկ տարի է պնդում է, որ իրեն ձերբակալությունից հետո խոշտանգել են, երբ իրեն Քննչական կոմիտե տեղափոխող ոստիկանները կանգնեցրել էին ավտոմեքենան, հեռացել տարածքից, իսկ այդ ընթացքում անհայտ անձինք մեքենայից իջեցրել էին իրեն ու ծեծել:
«Առերեսվել եմ ինձ ուղեկցող ոստիկանների հետ», - փոխանցեց Սամվել Վարդանյանը:
Քննչականից այսօր էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ Վարդանյանի խոշտանգման գործով որևէ մեղադրյալ չկա, ինչու՝ չեն պարզաբանում: