Մատչելիության հղումներ

«Վիժվածք», «ժեխ» բառերը խոսքի ազատություն չեն. դատախազն ակտիվիստի մեղքը հաստատված է համարում


Այսօր շարունակվեց «ավտոբուսի գործով» դատավարությունը: Այն առնչվում է ընդդիմադիր երիտասարդ Սամվել Վարդանյանին, որին մեղադրում են խուլիգանության, ինչպես նաև համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար:

Գործը վերաբերում է ավտոբուսում անցած տարի տեղի ունեցած միջադեպին, որին մասնակից էր նաև այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ երիտասարդը, պատգամավորին ավտոբուսնում տեսնելով, նրան դիմում է «ժեխ բիձա, հակահայ վիժվածք» արտահայտություններով, և փոքր միջադեպ է տեղի ունենում: Դրանից հետո իրավապահները հարուցեցին այս քրեական գործը, շատ արագ քննեցին, գործը հասցրեցին դատարան, և դատական նիստերն արդեն մոտենում են ավարտին:

Այսօր արդեն դատախազ Հայկ Ավետյանը ներկայացրեց մեղադրանքը, նշեց, որ մեղքը, ըստ էության, հաստատված է:

«Ծանրակշիռ է դառնում պնդումը, որ իրականում ատելության խոսք է տարածվել, որովհետև մեկ պատահական բառ ասել՝ ուրիշ բան է, պարբերական վարքագիծը՝ ուրիշ բան», - հայտարարեց դատախազը:

Ըստ նրա, դեպքից ուղիղ մեկ տարի առաջ երբ Վարդանյանը տարբեր առիթներով փողոցում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, մոտեցել է նրանց «և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անհանդուրժողականություն սերմանող» խոսքեր ասել:

Դատախազը պնդեց, որ այն արտահայտությունները, որոնք արել է ակտիվիստը, ամենևին էլ խոսքի ազատության հետ կապ չունեն, դրանք ատելություն են տարածում: Միևնույն ժամանակ, ավտոբուսում տեղի ունեցածը նաև որակել են խուլիգանություն: Մասնավորապես, Ավետյանն ասաց, որ լսելի են այլ ուղևորների ձայներ, որոնց տեղի ունեցողը դուր չի եկել և որոնք Սամվել Վարդանյանին հորդորում են դուրս գալ և շարունակել խոսակցությունը ավտոբուսից դուրս:

Մինչդեռ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը պնդել էր, որ Սամվել Վարդանյանն անմեղ է: Վարդանյանն էր անձամբ ցուցմունք տվել, պնդել, որ անձամբ Հակոբ Ասլանյանին վատ չի վերաբերվում, և իր այդ վերաբերմունքը կարող էր դրսևորել իշխանության ցանկացած ներկայացուցչի նկատմամբ, ով ունի որոշումներ կայացնելու իրավունք: Ասել էր՝ թերթել էր իշխող թիմի 2021 թվականի նախընտրական ծրագիրը, որտեղ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու խոստում կար, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սա չարեց, ավելին՝ ողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբանները հայտարարել էին, որ այստեղ ատելության դրսևորում առհասարակ չկա:

Այսօրվա դատական նիստում դատախազն ավարտեց ելույթը, պաշտպանական կողմի ելույթները նախատեսված են մարտի 26-ին:

Դատախազը պատժաչափ չպահանջեց. ըստ նոր Քրեական դատավարության օրենսգրքի՝ պատժի հարցը քննարկվում է մեղադրական դատավճռի դեպքում և դրա հրապարակումից հետո:

Վարդանյանի նկատմամբ բռնության գործը տեղում դոփում է

Եթե այս դատավարությունը մոտենում է ավարտին, ապա, կարելի է ասել, տեղում դոփում է Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու քրեական գործը: Ձերբակալության ժամանակ նա ծեծի էր ենթարկվել մինչ օրս անհայտ անձանց կողմից. երբ ոստիկանները նրան ուղեկցում էին Քննչական կոմիտեի շենքերից մեկը, կանգնեցրել էին ավտոմեքենան և, ինչպես հայտարարել էին, գնացել էին բնական կարիքները հոգալու, այդ ընթացքում անհայտ անձինք հարձակվել էին ոստիկանական մեքենայի վրա, Սամվել Վարդանյանին դուրս հանել և բռնության ենթարկել: Այս գործով տասն ամիս անց չկա որևէ մեղադրյալ, Քննչականը միայն ասում է, որ նախաքննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG