Եթե պաշտոնական Երևանը Հայաստանի անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնի, հանրության հետ կկիսվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքներն ու Երևանի հերքումները նման են 44-օրյա պատերազմի մենարկի սցենարին:
Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, Երևանն էլ հերքում է հրադադարը խախտելու Բաքվի պնդումները։ Այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։
Հարցին, թե սահմանին ադրբեջանական կուտակումների մասին Երևանը տեղեկություններ ունի՞, Գրիգորյանը պատասխանեց․ - «Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ, դա միանշանակ է»։
Ընդգծելով, որ սահմանային իրավիճակի հետ կապված ռազմական գերատեսչությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում և հերքում կեղծ ինֆոմացիան՝ Գրիգորյանն ասաց, որ Երևանը շարունակում է աշխատել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Բաքվին արած իր առաջարկի շուրջ։
Երևանը դեռ 2024-ի հունիսին Բաքվին առաջարկել էր՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Երևանի առաջարկը Բաքուն մինչ օրս անպատասխան է թողել։
Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց, թե պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ «Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից»: