Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ կրկին հրադադար է խախտվել, Երևանը հերքում է


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Երևանը հերքում է՝ Բաքվի հաղորդումը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն այսօր առավոտյան հայկական կողմին մեղադրել է, մասնավորապես, Տավուշի շրջանի (հաղորդագրությունում՝ Թովուզգյալի շրջան) դիրքերից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար՝ նշելով, որ իրենք էլ «համարժեք քայլեր են ձեռնարկել»։

Նախօրեին Բաքուն նման երկու հաղորդագրություն էր տարածել՝ հայկական կողմին նախ մեղադրելով Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, ավելի ուշ՝ Տավուշի դիրքերից հրադադարը խախտելու համար։

Երկու հաղորդումներն էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է՝ նշելով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հիշեցնում է Բաքվին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Երևանը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG