Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքները՝ պնդելով՝ ադրբեջանական կողմն է կրակել Խնածախի ուղղությամբ


Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսչության
Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսչության

Երևանը հերքում է Բաքվի հաղորդումը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Միաժամանակ հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան:

Գերատեսչությունը կից լուսանկարներ է հրապարակել։

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին՝ հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին, մասնավորապես, մեղադրել է Գորիսի, Վարդենիսի, Ճամբարակի դիրքերից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, ինչպես նաև նշել, թե մարտի 30-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, «Հայաստանի Զինված ուժերն ԱԹՍ-ների միջոցով հերթական անգամ փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել» ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Նախօրեին ևս Բաքուն «հետախուզական թռիչքներ իրականացնելու», սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հրադադարը խախտելու մեղադրանքներ էր հնչեցրել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հրադադարի խախտումների մասին պնդումները՝ հիշեցնելով՝ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայկական կողմը նախորդ շաբաթ ևս հերքել էր կրակոցների մասին Բաքվի բոլոր պնդումները:

Սյունիքի սահմանամերձ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ հաստատել էին, որ ավելի քան մեկ շաբաթ ադրբեջանական կողմն ինքն է կրակոցներ արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG