Մատչելիության հղումներ

Ըստ վարորդի՝ վերջին ամիսներին վրացական կողմն ավելի է խստացրել հատկապես հայկական բեռնատարների զննումը


Արխիվային նկար
Արխիվային նկար

Ներկայանալ չցանկացող բեռնատարի վարորդը, որ տասը տարուց ավելի Լարսով ապրանք է տանում Ռուսաստան և ներկրում Հայաստան, ասում է՝ օրերս տեղումների պատճառով փակված ճանապարհներն մի քանի ժամով բացվել էին, բայց իրենք Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետից չեն կարողացել դուրս գալ:

Ըստ մեր զրուցակցի՝ վրացական կողմում ասել են՝ «եթե ուզում եք դուրս գալ, ձյունն ինքներդ մաքրեք, որովհետև դա փող արժե»:

Վարորդը նաև պնդում է՝ վերջին ամիսներին վրացական կողմն ավելի է խստացրել հատկապես հայկական բեռնատարների զննումը: Ասում է՝ եղել են դեպքեր, երբ իրեն ստիպել են, Ռուսաստանից բերված վառելիքը վրացական անցակետում դատարկել:

«Ազատություն»-ը դիմել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին ու հարկային ծառայությանը՝ վարորդների բարձրաձայնած այս խնդիրների առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար: Ճանապարհային դեպարտամենտից փոխանցել են՝ վատ եղանակի կամ ձնահյուսի վտանգի ժամանակ մաքրող տեխնիկան էլ հնարավոր չէ գործի դնել: Իսկ հարկային ծառայությունից խոստացել են ավելի ուշ գրավոր պատասխանել մեր հարցերին:

Բեռնատարի հայ վարորդը, մինչդեռ շարունակում է՝ «վրացական կողմում խնդիրները հաղթահարելով հասնում են Ռուսաստան ու այնտեղ էլ նոր գլխացավանքի մեջ ընկնում»: Ասում է՝ կիլոմետրեր ձգվող հերթերը հաճախ հնարավոր է լինում արագ անցնել, եթե որոշ մարդկանց գումար են վճարում: Թե ովքե՞ր են այդ մարդիկ ու ի՞նչ գործառույթ են իրականացնում՝ տեղյակ չէ: Ի դեպ, այլ վարորդներ ևս «Ազատության»-ը պատմել էին այս խնդրի մասին:

Անվտանգության նկատառումներից ելնելով վարորդը չի ցանկանում իր ինքնությունը բացահայտել, բայց ասում է՝ այն, ինչ պատմում է, ծանոթ է հայկական բեռնատարների բոլոր վարորդներին: Խնդիրները չեն սկսվում ու ավարտվում Վրաստանում ու Ռուսաստանում: Ասում է՝ Հայաստանում էլ Բագրատաշենի անցակետում են հաճախ օրեր լուսացնում կամ ժամերով սպասում:

«Չգիտեմ՝ դիտմամբ են անում, թե իրականում չեն հասցնում, բայց ես ականատես եմ եղել, մոտավորապես մի 4-5 պատուհան կա, աշխատում ա 2 կամ 3 պատուհան, 1 պատուհան», - ներկայացրեց նա

«Ինչո՞վ են պայմանավորվում հաճախ գոյացող բեռնատարների հերթերը, անցակետերում կադրերի պակաս կա՞», - հարցրեցինք ՊԵԿ ցամաքային վարչության խորհրդական Արամ Պետրոսյանին: Պաշտոնյան հերքեց, թե սահմանային անցակետերում բեռնատարների կուտակումներ են լինում, ասաց՝ Հայաստանի սահմանային անցակետերը, հատկապես՝ Բագրատաշենինը, շարունակաբար արդիականացվում են:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.




XS
SM
MD
LG