Մատչելիության հղումներ

Բայրամովը կրկին դժգոհել է Հայաստանի զինվելուց ու Սահմանադրությունից


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը կրկին պնդել է, թե Հայաստանի զինվելն ու այդ երկրի Սահմանադրությունը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար: Այս մասին Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ հանդիպմանը։

«Չնայած ձեռք բերված մի շարք հաջողություններին և համաձայնեցված դրույթներին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնությունները, ինչպես նաև ռևաշինզմի ոգով այդ երկրի սրընթաց զինումը սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղաշինության համար», - Բայրամովի հայտարարությունն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Armenpress-ում հրապարակված իր հոդվածում հակադարձել է Բաքվի այդ մեղադրանքներին, հայտարարելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:

Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Հայաստանից հակադարձում են, որ դա Երևանի ներքին գործն է, Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, նաև հղում են անում Սահմանադրական դատարանի անցած տարվա սեպտեմբերի որոշմանը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG