Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում 2019-ի բանակցային փաստաթղթի մասին 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում 2019-ի բանակցային փաստաթղթի մասին:

Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակում 2019 թվականին իր սեղանին դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջին խմբագրված տարբերակը, որը Փաշինյանը, պատգամավորի պնդմամբ, թաքցրել է քաղաքացիներից:

«Ես 2019 թվին ասել եմ շատ հստակ բան՝ այն, ինչ-որ 19 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019թ. հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել։ Ես չեմ խոսել, ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ: Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերևն էլ գրված է՝ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»», - ասաց վարչապետը՝ շարունակելով ընդգծել, - «նախագահները... Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չեմ եղել»:

Պատգամավորը պնդեց՝ Փաշինյանը խափել է ժողովրդին՝ ասելով, թե բանակցություների սեղանին որևէ փաստաթուղթ գոյություն չունի:

«Հրապարակեք այդ փաստաթուղթը, նաև Քիվեսթը և մնացած փաստաղթղթերը»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ապա նախկին նախագահներին հրավիրել բանավեճի:

Առաջին նախագահը բանավիճելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձավ նաև «Ազատության» հոդվածին, որում ներկայացված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Վարչապետը, մեջբերելով այս բացահայտումները, շեշտել էր, որ նախկին երեք նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա:

Վարչապետն այսօր կրկին վերահաստատեց նախկինում ասածը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած հորդորներին, թե այդ դեպքում թող հրապարակի բանակցային փաստաթղթերը, Փաշինյան կրկին տեղեկացրեց, թե դեռևս գույքագրվում են այդ փաստաթղթերը, քանի որ դրանք ցաքուցրիվ են։

XS
SM
MD
LG