Ո՞վ հանձնեց Արցախը և ի՞նչ էին բանակցում նախկիններն ու ներկաները. այս հարցն այսօր կրկին խորհրդարանում վերածվեց թեժ բանավեճի ընդդիմության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Ամեն ինչ սկսվեց, երբ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, փորձեց վարչապետից ճշտել՝ արդյոք միանո՞ւմ է, ինչպես ձևակերպեց, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «ճղճիմ խոսույթին», թե՞ Փաշինյանը պատրաստ է ներողություն խնդրել արցախցիներից։ Երեկ Սիմոնյանը խորհրդարանում հայտարարել էր, թե արցախցիները պետք է մնային և կռվեին։ Լևոն Քոչարյանն, ի դեպ, հարցը ձևակերպելիս շեշտեց, որ հենց Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
«2018 թվականին Դուք եկաք իշխանության, հայտարարեցիք, որ սկսում եք զրոյական կետից բանակցությունները, և ի վերջո, բանակցային գործընթացի ձախողումից հետո բանը հասավ պատերազմին, և բոլորս գիտենք՝ ինչ եղավ: Դրանից հետո գնացիք Ալիևի մոտ, Էրդողանի մոտ, ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում, որից հետո արցախահայերը հայտնվեցին շրջափակման մեջ, ճանապարհը փակվեց, և ինն ամիս ահռելի դժվարությունների մեջ մնալով, ի վերջո ենթարկվեցին հարձակման և էթնիկ զտման», - հայտարարեց Քոչարյանը:
«Դե կարծում եմ՝ դեռ պետք է պարզենք՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ: Գիտե՞ք, Դուք այս և տարբեր ամբիոններում առանց կաշկանդվելու և առանց սահմանափակման արտահայտում ենք Ձեր կարծիքը, կարծում եմ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, մանավանդ որ, եթե Ձեր հարցի ձևակերպմանը վերադառնանք, Ձեր հարցի մեջ էնքան փաստական սխալներ կան, որ հիմա էդ փաստական սխալներին որ անդրադառնանք, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք», - հակադարձեց վարչապետը:
«Եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետից սկսելու անհրաժեշտություն չէր լինի»
Ապա Փաշինյանն անդրադարձավ բանակցային գործընթացը ձախողելու մեղադրանքին, պնդելով՝ եթե դրանք ձախողված չլինեին, զրոյական կետից սկսելու անհրաժեշտություն չէր լինի։
«Ընդհակառակը, էդ բանակցային գործընթացը որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ ա, էս ինչ լավ է, հաջողված բանակցային գործընթաց է, բերեք դափնիները էդ բանակցային գործընթացի վերցնենք մեզ: Մինչև հիմա դուք, ես զարմանում եմ, էլի, հլը բանակցային գործընթացից եք խոսում, բանակցային գործընթացի հաջողությունից եք խոսում, խոսում եք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված ճանաչել-չճանաչելո՞ւց», - ասաց վարչապետը:
Հիշեցրեց՝ հենց Լևոն Քոչարյանի հայրիկին՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուս նախագահներին առաջարկել էր բանավիճել այս հարցերի շուրջ, բայց մերժում է ստացել. - «Հլը Դո՛ւք ասեցիք, որ բանավիճելու բան չունեք, Ձեր հայրիկի փոխարեն, եթե չեմ սխալվում, Դո՛ւք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունի, ի՞նչ եք եկել ստե բանավիճում: Հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք բանավիճելու բան: Եթե Ձեր հայրիկը ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ ընդհանրապես: Բայց հայրիկին էսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում, կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա բանավիճելու բան»:
«Իմիջիայլոց, Ձեզ բանավիճելու առաջարկ արել է Վարդան Օսկանյանը, ով շատ լավ տեղյակ է, ու եթե Ձեր խնդիրը իրապես հանրությանը ինչ-որ բան ցույց տալն է, կարայիք գնայիք բանակցեիք կամ գոնե Արարատ Միրզոյանին գործուղեիք էդ բանակցություններին, եթե իրապես նպատակը դա է, այլ ոչ թե հերթական ինչ-որ շոուն: Իսկ մնացած մասով ես հասկացա մի բան, որ Ալեն Սիմոնյանի խոսույթի հետ Դուք համաձայն եք, ով վիրավորել է 120 հազարից ավել մեր հարենակիցներին», - ասաց Քոչարյանը:
«Գիտե՞ք, հիմա ես ուզում եմ հասկանամ՝ Ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում է, ասում է՝ թող Վարդան Օսկանյանը բանակցի՞: Իսկ կարող է՞ պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն այսօր կրկին վերահաստատեց նախկինում ասածը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած հորդորներին, թե այդ դեպքում թող հրապարակի բանակցային փաստաթղթերը, Փաշինյան կրկին տեղեկացրեց, թե դեռևս գույքագրվում են այդ փաստաթղթերը, քանի որ դրանք ցաքուցրիվ են։
«Ձեզ չթվա, թե բանակցությունների ինստիտուցիոնալացված՝ կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է մեզ տալիս է: Էդ դուք գիտեք ... դուք թողել եք էդ որ սենց մի դարակում դրած լինե՞ր, որ դրած լիներ, կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս: Հիմա կհամակարգենք ... », - վստահեցրեց վարչապետը՝ շարունակելով. - «Էդ ինտրիգ մի ստեղծեք դրա շուրջ, հրապարակվելու է մեկ է դա, ուշ թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ հույսեր մի կապեք, որովհետև էդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, մենակ վատացնելու է: Իզուր հույսեր մի կապեք, էնտեղ ձեզ համար ոչ մի լավ և հուսադրող բան չկա: Մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»:
«Բա Ձե՞զ ով է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 98 թվից Հայաստանում եք»
Ի դեպ, խոսելով արցախահայերի Էթնիկ զտման մասին՝ Փաշինյանը հարց տվեց, թերևս նկատի ունենալով Լևոն Քոչարյանին, ով ծնունդով արցախցի է. - «Որ էթնիկ զտման մասին խոսում, բա Ձե՞զ ով է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 98 թվից Հայաստանում եք, ո՞վ է ձեզ ենթարկել էթնիկ զտման, մի հատ բացատրեք: Եվ առանց էթիկ զտման ենթարկվելու եկել եք և ի՞նչ եք արել՝ Սադարակում բանակցել եք էն, ինչ որ բանակցել եք, մեզ էլ մի հատ ասում եք՝ «ճանաչեցիք», էդ դո՛ւք եք ճանաչել: Ախր ես ուրիշ բան ասեմ, ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ՝ չէիք կարող չճանաչել»:
Հընթացս հանդիպում ԱՄՆ փոխնախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նաև ԱՄՆ կատարած այցին։ Ասաց, որ Սպիտակ տանը նախապես հանդիպումներ նախատեսված չէին, և հընթացս հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ:
«Հանդիպումը բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն՝ դա տետ ա տետ խոսակցություն չի եղել, պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը՝ մասնակցել է մեր կողմից դեսպանը Հայաստանի Հանրապետության Միացյալ Նահանգներում, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն է մասնակցել, իմ մամուլի խոսնակն է մասնակցել, և հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, ընդ որում՝ տեղի է ունեցել, էսպես ասած, իրենց համար խառը միջավայրում, և մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում այդ հանդիպման հրավերը, երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրություն նման հանդիպում անցկացնելու, և տեղի է ունեցել: Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ», - հայտարարեց վարչապետը:
«Ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել փաստաթղթի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել»
Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նաև փորձագիտական շրջանակների այն պնդումներին, թե Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այս հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կարող է կյանքի չկոչվել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից։
Ինչպիսի՞ն է Փաշինյանի տպավորությունը ԱՄՆ կատարած այցից հետո, հարց տվեց իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Վարչապետն ասաց, թե ինքը ԱՄՆ փորձագետ չէ, բայց իր տեսածը և իր իմացածը իրեն թույլ է տալիս ասել հետևյալը. - «Ըստ էության անցման շրջանում է ստորագրվել, և էդ շրջանում, ինչպես իրենք են անվանում, տրանզիցիոն թիմեր են ձևավորվում։ Այսինքն, նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել էս փաստաթղթի ստորագրմանը, էդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել։ Որովհետև նոր վարչակազմը եթե չուզենար, նախորդ վարչակազմը ... իրենց մոտ քաղաքական կուլտուրան դա է»։
«Էդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան- Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելն է»
«Էդ ակցիայի նպատակներից մեկը, դա ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, Հայաստան-Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու համար է, դա բեմադրված ... էդ երգի կատարողները Իրանի քաղաքացիներ են։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի՝ ձեզ հայտնի շրջանակներից էդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, համացանց են գցել, որ Իրանի ու Հայաստանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող տղամարդկանց մասին Քրիստինե Վարդանյանի հարցի։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել էր՝ ինչո՞ւ իրավապահները չէին փորձել պարզել, թե ովքեր և ինչ նպատակով են արել այդ գործողությունը, փոխարենը ձերբակալել էին այդ տեսանյութը տարածած անձին:
Փաշինյանը պնդեց՝ Հայաստանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, և այն, ինչ տեղի է ունենում, այդ հիբրիդային պատերազմի մի մասն է:
Ի պատասխան վարչապետի վերոհիշյալ մեղադրանքներին՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորրհդարանից ուղիղ դիմեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, նշելով, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հաղորդում է տվել հանցագործության մասին։
«Վաղը նաև գրավոր դիմելու եմ ԱԱԾ-ի պետին՝ թող Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսի, տեսնենք ով է գործակալը», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
«Ամեն տենց տափակ տեսարանից պետք չէ , որ հանրությունը ցնցվի, ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իրա բեմադրած տեսարանն է, թող ցնցվի», - համացնացում տարածված տեսանյութի մասին ասաց վարչապետը։