Մատչելիության հղումներ

Արեգ Քոչինյան. «Պատերազմի հավանականությունն այս պահի դրությամբ բավականին ցածր է»


Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ նախօրեին «Արմենպրես»-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածը պատերազմի մասին նախազգուշացում կամ սպառնալիք չէր:

«Ընդհանրապես, պատերազմի հավանականությունը այս պահի դրությամբ բավականին ցածր է՝ կապված հիմնական միջազգային կոնյունկտուրայով», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Քոչինյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է՝ ինչի մասին է այդ հոդվածը, այդ հոդվածը նրա մասին է, ըստ իս, որ կա որոշակի կասեցում, առկախում պրոցեսի, ընդ որում՝ այդ առկախումը, կասեցումը Բաքվից է, որովհետև նոյեմբերին դեռևս, եթե ես չեմ սխալվում, Հայաստանը ուղարկել էր վերջին փաթեթը՝ և՛ խաղաղության պայմանագրի մասով, և՛ կոմունիկացիաների մասով առաջարկությունների, մինչև այսօր դրա պատասխանը չկա, այդ պատասխանի փոխարեն կան, այսպես, բավականին թատերական ոճի հայտարարություններ՝ ինչ-որ էսկալացիաների մասին հայտարարություններ, հարցազրույցներ Ալիևի կողմից: Եվ, ըստ էության, դրան է ի պատասխան վարչապետի հայտարարությունը»:

«Ուրեմն՝ փակուղի է, ուրեմն՝ եթե բանակցություն չկա, նշանակում է՝ կարող լինել պատերազմ», - այս դիտարկմանը Արեգ Քոչինյանն արձագանքեց. - «Ոչ, բանակցություններ չկան և բանակցությունները կանգ են առել՝ տարբեր բաներ են, այդ բանակցությունները պետք է շարունակվեն, և ես հուսով եմ, որ կշարունակվեն: Այս պահի դրությամբ պատերազմի հավանականությունը՝ համեմատած 21 թվականի, 22 թվականի, իսկ որոշ չափով՝ 23 թվականի հետ, ավելի ցածր է, իհարկե՝ երբեք չի բացակայում, բայց ավելի ցածր է»:

Հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահն ուղիղ միջանցք պահանջեց, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավարը պատասխանեց. - «Նա նաև պահանջեց, որպեսզի զենքերը վերադարձնենք նրանց, ումից որ գնել ենք: Ցավոք սրտի, մենք չեքերը չենք պահպանել, որպեսզի կարողանանք հետ վերադարձնել, ոչ էլ փաթեթավորումն ենք պահպանել, որպեսզի կարողանանք մեջը դնել, հետ ուղարկել: Դա բնականաբար անլուրջ է»:

«Այն, որ Բաքուն փորձելու է ստանալ մաքսիմումը՝ բանակցային պրոցեսով, թե առանց բանակցային պրոցեսի, բավականին հստակ է, բայց բանակցային պրոցեսը շարունակվելու է», - ընդգծեց Արեգ Քոչինյանը:

Իսկ թե ինչը կամ ով կկանգնեցնի Ադրբեջանին, որ ուժով չբացի այդ միջանցքը, քաղաքագետն ասաց. - «Այս պահի դրությամբ աշխարհում չկա որևէ ուժ, որը առանձնապես շահագրգռված է, որպեսզի այստեղ ուժով բացվի Ադրբեջանի կողմից միջանցք ու Ադրբեջանի կողմից էլ այդ միջանցքը տնօրինվի: Թուրքիան այս ճանապարհից բոլորովին այլ բան է ուզում՝ այս ճանապարհը Թուրքիայի համար տնտեսական ենթակառուցվածք է, Թուրքիայի համար այդ ճանապարհը Ադրբեջանի, Միջին Ասիայի հետ կապի լայնացման, հզորացման հնարավորություն է, կապի խորացման հնարավորություն է: Ռուսաստանի համար, իմ կարծիքով, առաջնային նպատակն այն է, որ ընդհանրապես ճանապարհը չլինի, իսկ լինելու դեպքում լինի միայն հյուսիս-հարավ տրամաբանության մեջ, այսինքն՝ Ռուսաստանը կապի Իրանին [...] ու լինի իրենց վերահսկողության տակ, ինչը չի աշխատում, եթե Ադրբեջանը ուժով այդ ճանապարհը, այսպես ասած, բացում է: Արևմուտքը հավաքական ընդհանրապես դեմ է այդ պրոյեկտին՝ ուժով, որևէ երրորդ կողմի վերահսկողությամբ ճանապարհին, Իրանը դեմ է այդ պրոյեկտին»:

«Այսինքն՝ Ադրբեջանը այս պահի դրությամբ բացարձակապես միայնակ է այդ Ձեր նկարագրած սցենարը իրացնելու ճանապարհին՝ ուժով բացելու ճանապարհին, դրան նաև եթե գումարում եք այն, որ Հայաստանը դեմ չէ այդ ճանապարհը տրամադրելուն, ընդ որում, բավականին, այսպես, ճկուն ձևաչափով մենք առաջարկում ենք տեխնիկապես հնարավոր ամենալավ պայմանները մաքսային վերահսկողության, անձնագրային վերահսկողության, մենք առաջարկում ենք հնարավոր ամենալավ երաշխիքները անվտանգության առումով, և այլն, և այլն: Այնպես որ, նորից ռիտորիկան կամ պետք է տարանջատել բանակցային պրոցեսից», - նշեց Արեգ Քոչինյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG