Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա չի հանգեցնի Ռուսաստանի հետ գոյություն ունեցող երկկողմ անվտանգային համաձայնագրերի վերանայմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց միջազգային ճգնաժամային խմբի Ռուսաստանի գծով առաջատար փորձագետ Օլեգ Իգնատովը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Իգնատով. - Եթե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, դա ինչ-որ քայլ է, արդյոք դա կհանգեցնի՞ Հայաստանի հետագա որոշակի ինտեգրմանը արևմտյան անվտանգության համակարգերին, թե՝ ոչ, մենք չգիտենք, բայց սա քայլ է այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից, որպեսզի Հայաստանը կարողանա ավելի առաջ գնալ այս ճանապարհով, ու որպեսզի հնարավոր մի օր դառնա Եվրամիության անդամ, իհարկե, պետք է ամբողջությամբ վերանայի անվտանգության ոլորտում իր երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Իսկ արդյոք դա տեղի կունենա՞, թե՝ ոչ, մենք չգիտենք՝ կա՞ արդյոք հիմա նման հարց հայ հասարակության ներսում, հայ քաղաքական շրջանակներում ես սա դեռ չեմ տեսնում: Այսինքն, մարդիկ կան, որ խոսում են այդ մասին, բայց կա՞ արդյոք լուրջ գործողություն այս ուղղությամբ:
«Ազատություն». - Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն արձագանքել ԱՄՆ - ի և Եվրամիության հետ Հայաստանի կապերի ամրապնդմանը և որքանո՞վ դա կարող է փոխել Հայաստանի հետ հարաբերությունների բնույթը:
Իգնատով. - Ռուսաստանը, իրոք շատ է խոսել այս մասին: Եվ խոսքն այստեղ սրա մասին է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է. Ռուսաստանը բազմիցս ասել է, որ մի երկիրը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ- ի, և՛ Եվրամիության անդամ, այսինքն, Հայաստանը պետք է ընտրություն կատարի, եթե Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության անդամ, ապա պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ այդ կազմակերպության ներսում կանոնները, նորմերը և կարգավորումները բոլորովին տարբեր են, նրանք համատեղելի չեն, նույն խնդիրը ուներ, օրինակ, Ուկրաինան: Բոլորս հիշում ենք այն պատմությունը, որ տեղի ունեցավ 2000 տասներեք թվականին եվրոպական ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ:
Մոսկվայի ուղերձը շատ պարզ ու հասկանալի է, իսկապես երևի թե դա անհնար է պատկերացնել: Մյուս կողմից, ես տեսա Հայաստանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ չի մտածում կամ ընդհանրապես չի մտածում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին: Ինձ թվում է, այստեղ հարցն այն է, թե ինչպես է Հայաստանը որոշելու իր ապագան, ինչպես է գոյատևելու, ինչպես է գործելու որպես տնտեսապես կայացած պետություն: Որովհետև հիմա Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է: Եթե նայեք Եվրամիության և Ռուսաստանի միջև եղած տարբերությունն, ապա Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները նրանց հետ տարբերվում են մի քանի անգամ: Հիմա ստույգ թվերը չեմ հիշում, բայց Ռուսաստանի ու Եվրամիության միջև ապրանքաշրջանառության տարբերությունը հսկայական է, և սա ցույց է տալիս, թե որն է Հայաստանի տնտեսության հիմքը, հետևաբար այստեղ հարցը ավելի շուտ հենց Հայաստանին է վերաբերում, թե ինչպես է նա հաշվարկում իր տնտեսական և քաղաքական ռազմավարությունը, ինչպիսի ռազմավարություն է նա տեսնում իր համար երկարաժամկետ հեռանկարում, արդյոք այն կարող է եվրոպական շուկայով փոխլրացնել այն կորուստները, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հետ, Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածքից հնարավոր դուրս գալու հետ: Արդյոք սա հնարավոր է մի իրավիճակում, երբ Հայաստանը չունի ելք դեպի ծով, երբ Հայաստանը դեռ անվտանգության առումով ծանր վիճակում է գտնվում:
Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենալու, ինձ թվում է, այն, ինչ հիմա կատարվում է դեռևս նախ մոտ ապագայի հարց չէ, և երկրորդ, դա կլինի Հայաստանի ներսում երկար քննարկումների արդյունք: Այդ քննարկումները կլինեն ինչպես քաղաքական դասի շրջանում, այնպես էլ հասարակության մեջ ու այն, ինչ հիմա կատարվում է ավելի շատ նման է քաղաքական հայտարարություն, որոնք դեռ չեն պաշտպանվում իրական քաղաքական քայլերով, առավել ևս տնտեսական քայլերով: Այսինքն, ես կասեի, որ սա երկարաժամկետ հեռանկարի հարց է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.