Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ն, ինչպես նախկինում, Հայաստանին դաշնակից է համարում․ ՏԱՍՍ


ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները

ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության, Հայաստանին դաշնակից է համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։

«Այո՛, կազմակերպության քարտուղարությունը ծանոթ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Սակայն, մենք, ինչպես նախկինում, Հայաստանին համարում ենք դաշնակից և աշխատանքային ռեժիմով շարունակում ենք աշխատել Երևանի հետ», - նշել է գործակալության զրուցակիցը։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին հրապարակված զեկույցում, մասնավորապես, նշել է, որ «ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»։

Զեկույցում նաև նշվում է՝ «քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը վերանան, և որ, իրենց գնահատմամբ, անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ»։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

2024-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG