Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ


Աշխանտաքային այցով Թեհրան մեկնած Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները:

«Վահան Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես ԻԻՀ հետ», - նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը:

Զրուցակիցներն, ըստ հաղորդագրություն, բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը:

Ավելի վաղ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Բաքու կատարած քայցից հետո ժամանել էր Երևան: Ալի Աքբար Ահմադիանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել էր տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Իրանը բազմիցս է շեշտել, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG