Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադառնալով տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին` շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Իրանի նախագահի առաջին տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը: