Օրինակելի, իմաստուն, արժեքավոր ընկեր, հուսալի գործընկեր. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն է հաճոյախոսություն շռայլում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հասցեին՝ երկկողմ բանակցություններից հետո, որոնց ընթացքում առաջնորդները քննարկել են հին ու նոր համատեղ տնտեսական նախագծերը։
Վրաստանի վարչապետը համոզմունք է հայտնում՝ Բաքվի դերը կարևոր է ոչ միայն վրաց-ադրբեջանական զարգացող հարաբերություններում, այլև ամբողջ տարածաշրջանում։
Սա վերջին տասն ամսվա ընթացքում Կոբախիձեի երրորդ այցն է Ադրբեջան, հոկտեմբերյան ընտրությունների արդյունքում կառավարության ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո էլ՝ առաջին արտասահմանյան ուղևորության կանգառը:
Նման քայլը Բաքվում աննկատ չմնաց: Իլհամ Ալիևը պաշտոնական Թբիլիսիի այդ որոշումը որակեց «երկու պետությունների ամենաբարձր մակարդակի հարաբերությունների խորհրդանիշ»։
«Այս այցն առանձնահատուկ նշանակություն ունի; Որովհետև սա Ձեր առաջին արտասահման ուղևորությունն է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը վկայում է վրաց-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
Երեկվանից Թբիլիսի-Բաքու փոխադարձ հաճոյախոսությունների, գովեստի խոսքերի պակաս չկա։ Նախ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը երեկ խոսեց իրենց հաղթանակը ընտրություններում առաջինը շնորհավորած Ադրբեջանի կարևոր դերակատարության մասին, այսօր էլ Կոբախիձեն շարունակեց։
«Պատրաստ ենք ակտիվացնել երկկողմ գործընկերությունը, համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շատ կարևոր է, որ մենք հարգենք միմյանց ազգային ռազմավարական շահերը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այս առումով ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ադրբեջանական կողմին և անձամբ նախագահ Իլհամ Ալիևին շատ ամուր և անսասան դիրքորոշման ու աջակցության համար», - ասաց Վրաստանի վարչապետը:
Ադրբեջանը Վրաստանի համար բացի եղբայրական երկիր լինելուց նաև հինգ խոշորագույն առևտրային գործընկերներից է, որը Վրաստանում ավելի քան 3,5 միլիարդ դոլարի ներդրում է արել։ Թբիլիսին Բաքվի հետ հաջողությամբ համագործակցում է էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական ոլորտներում:
«Ես կարծում եմ, որ մեր քաղաքական հարաբերությունները կարող են օրինակ լինել բոլոր հարևանների համար», - հայտարարում էր Ալիևը։
Վրաստանը Բաքվի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն տարանցիկ հնարավորությունների օգտագործման, մասնավորապես՝ ադրբեջանական նավթը և գազը Թուրքիա և եվրոպական շուկաներ հասցնելու, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխափան կապի ապահովման տեսանկյունից։ Ադրբեջանը ներկայումս Վրաստանի տարածքով բնական գազ է հասցնում շուրջ 11 երկրներ՝ բավարարելով նաև գազի վրացական պահանջարկի 80 տոկոսը։
Տնտեսական շահից բացի այժմ երկու երկրներին այլ հարցեր էլ են միավորում։ Արևմտյան գործընկերների կողմից պատժամիջոցների թիրախում հայտնված Թբիլիսին Բաքվի օրինակով հայտարարում է դրսից երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի մասին՝ մեղադրանք, որն Ալիևի վարչակազմը հնչեցնում է Արևմուտքից իր քայլերը դատապարտող հայտարարություններին ի պատասխան։ Երեկ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները փաստում էին՝ նման փորձերը կրկնվել են, բայց նպատակին չեն հասել:
«Վերջերս մենք ականատես եղանք տարբեր կողմերից երկրի ներքին գործերին միջամտելու բազմաթիվ փորձերի, սակայն պետք է նաև ասենք, որ մեր հասարակությունը, մեր պետությունները բավական դիմացկուն են նման քայլերի դիմագրավելու համար», - հայտարարում էր արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններն այսօր սակայն խուսափում էին մանրամասնել՝ ինչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, հատկապես ինչ նոր համատեղ ծրագրեր են քննարկում, փոխարենը պարբերաբար շեշտում էին՝ երկկողմ համագործակցության ներուժը չի սպառվել։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի դեպ, նաև եռակողմ համագործակցության առաջարկ հնչեցրեց՝ նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը տարբեր ոլորտներում. - «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի հստակ գործնական քայլեր կատարենք և նպաստենք տարածաշրջանում համագործակցությանը։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»:
Վրաստանի վարչապետը շեշտել է՝ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում խաղաղությունն ու կայունությունն է՛լ ավելի կարևոր են դառնում տարածաշրջանի զարգացման և կայուն բարգավաճման համար։