Մատչելիության հղումներ

Պոկրովսկը կարող է առաջիկայում անցնել ռուսների վերահսկողության տակ


Ուկրաինա - Բնակչության տարհանումը Պոկրովսկից, օգոստոս, 2024թ.
Ուկրաինա - Բնակչության տարհանումը Պոկրովսկից, օգոստոս, 2024թ.

Ուկրաինական ճակատից ստացվող վերջին տեղեկությունների համաձայն՝ ռուսներն ակտիվ առաջ են գնում Պոկրովսկի ուղղությամբ, որն Ուկրաինայի պաշտպանության հենակետն է Արևմտյան Դոնեցկի շրջանում։ Վերջին 24 ժամում միայն ռուսական զորքը մոտ 60 հարձակում է իրականացրել ռազմաճակատի այս հատվածում։ Թեժ է իրավիճակը նաև դեպի հարավ՝ Կուրախովսկու ուղղությամբ, ասվում է ուկրաինական ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։

Պոկրովսկին հարակից Սելիդովո քաղաքի տարհանվող բնակիչները «Ազատության» "Настоящее время"-ի հետ զրույցում պատմում են, որ վերջին օրերին ապրում են չդադարող կրակի տակ. - «Անդադար կրակում են, արդեն երեք օր է, անդադար, վախենալու է»:

Պոկրովսկը կարող է առաջիկայում անցնել ռուսների վերահսկողության տակ, գրում են արևմտյան փորձագետները և ուկրաինական ռազմական ալիքները: Նախագահ Զելենսկին երկու օր առաջ դեռ ասում էր, որ քաղաքի մոտ իրավիճակը ծայրահեղ ծանր է:

«Մանրամասն քննարկել ենք Պոկրովսկի և Տորեցկի ուղղությունները, որտեղ ռուսական բանակն արագորեն առաջ է շարժվում։ Շնորհակալություն բոլոր ստորաբաժանումներին, որոնք իսկապես հավատարիմ կռվում են իրենց դիրքերում», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը:

Պոկրովսկը Դոնբասի հիմնական լոգիստիկ կենտրոններից է։ Եթե ռուս զինվորականները գրավեն այն, նրանց համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի ուկրաինական երկու մարզկենտրոններ՝ Զապորոժիե և Դնեպր:

Ուկրաինական ճակատում շարունակվող առաջխաղացմանը զուգահեռ, ռուսական բանակը փորձում է սեփական տարածքն ազատագրել Կուրսկի մարզում: Ռուս զինվորականները հակահարձակում են սկսել և մասամբ վերականգնել մարզի Կորենևո գյուղի նկատմամբ վերահսկողությունը, ասում են ուկրաինական DeepState-ի վերլուծաբանները:

Անցած մոտ մեկ ամսում՝ Ուկրաինայի ներխուժումից հետո, Կուրսկից և հարակից սահմանամերձ շրջաններից ավելի քան 100 հազար բնակիչ է տարհանվել։ Տագնապի ահազանգերն ու պայթյունները գրեթե ամենօրյա ռեժիմով են լսվում՝ ստիպելով տեղի բնակիչներին համակերպվել Պուտինի սկսած պատերազմի հետևանքների հետ:

Միայն անցած գիշեր ուկրաինական կողմը մոտ երկու տասնյակ անօդաչուներ է արձակել Ռուսասtանի չորս՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Կալուգայի մարզերի ուղղությամբ։

Ռուսների այսօրվա հարձակման հետևանքով էլ վնասվել է Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումի քաղաքում գտնվող մանկական սննդի և հյութերի գործարանը, մահացել է 48-ամյա մի կին, վիրավորվել է առնվազն 8 մարդ:

Չնայած չդադարող ռազմական այս գործողություններին՝ ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմի ամիսներին ռուսական գազն Ուկրաինայի տարածքով հասնում էր եվրապացիներին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, սակայն, այսօր հայտարարել է, որ չորս ամսից՝ առաջիկա հունվարի 1-ից Կիևը կդադարեցնի ռուսական գազի և նավթի տարանցումը Եվրոպա սեփական տարածքով։ Ուկրաինան միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է տարանցման հնարավորություն տալ այլ երկրների էներգակիրների, օրինակ՝ ադրբեջանական կամ ղազախական գազի համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG