Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի լրանալուն մնացել է 12 տարի, նորի կառուցման համար առնվազն 10 տարի է պետք


ՀԱԷԿ-ը Մեծամորում, արխիվ
ՀԱԷԿ-ը Մեծամորում, արխիվ

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման՝ ևս մի անգամ երկարաձգված ժամկետի լրանալուն մնացել է 12 տարի, մինչ այդ Հայաստանում դեռ շարունակում են քննարկել, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ կառուցել Հայաստանում։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» պատասխանեցին. - «Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ բանակցությունները և քննարկումները դեռ շարունակվում են»:

Այս քննարկումներն ի վերջո որևէ հանգրվանի հասցնելու նպատակով դեռ անցյալ տարի Կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, «Ազատություն»-ը հետաքրքրվեց նաև դրա՛ ճակատագրի մասին, պատասխանեցին՝ «այն շարունակում է աշխատել»։

«Մասնագիտական խումբը դիտարկում է մի շարք ռեակտորների մատակարարների կողմից ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկներ, որպեսզի կարողանա գնահատի դրանք: Ներկա փուլում ըստ էության նաև պատրաստվում են այն հարցաշարերը, որոնց պատասխանները պետք է մատակարար ընկերությունները ներկայացնեն, որի հիման վրա կիրականացվի վերջնական գնահատումը, և տեղեկատվությունը կներկայացվի Կառավարություն՝ արդեն ընտրության համար», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց մասնագիտական քննարկումներին մասնակցող միջուկային անվտանգության մասնագետ Սուրեն Բզնունին:

Բզնունու խոսքով՝ աշնանը ակնկալում են ստանալ իրենց հարցերի պատասխանները ու արդեն մյուս տարի Կառավարությանը ներկայացնել մասնագիտական կարծիք՝ որ առաջարկը ինչ առավելություններ ու թերություներ ունի, ինչից հետո արդեն վերջնական որոշումը կկայացնի Կառավարությունը։

«Ես ինքս միջուկային անվտանգության ոլորտի մասնագետ եմ, բնականաբար՝ ես նայում եմ միջուկային անվտանգության տեսանկյունից, բայց խմբում կան նաև մասնագետներ, որոնք նայում են տեխնոլոգիայի տեսանկյունից՝ արդյոք այդ տեխնոլոգիան Հայաստանում արդեն կիրառված է, թե՝ ոչ, փորձառություն ունենք, թե՝ ոչ, մասնագետներ կան, որոնք նայում են հրապարակի բնութագրերի տեսանկյունից՝ սեյսմիկ է և այլն, և իհարկե կան նաև մասնագետներ, որոնք նայում են ֆինանսական տեսանկյունից: Բազում այլ հարցեր էլ կան, օրինակ՝ մենք արդյոք կարողանալու ենք այդ ռեակտորը բերել Հայաստան, թե՝ ոչ, միջուկային վառելիքի հարցերը ինչպես են լինելու», - նշեց Բզնունին:

Պետք է սեղանին դրված առաջարկներից ընտրվի անվտանգ և տնտեսապես շահավետ տարբերակը, ասում է մասնագետը։

Մինչ այդ, Երևանը վստահեցնում է՝ նոր ատոմակայան կառուցելու քաղաքական որոշումը կա, այն ամրագրված է ոլորտի զարգացման ռազմավարությունում։

«Գործող էներգաբլոկի շահագործման հանման զուգընթաց՝ պետք է սկսվի նորի կառուցումը, այսինքն՝ կա քաղաքական որոշում, որ մենք միշտ ունենանք միջուկային ռեակտոր», - ընդգծեց Սուրեն Բզնունին:

Թե ինչ տեսակի՝ փոքր, միջին, թե մեծ հզորության ռեակտոր կկառուցի Հայաստանը, թեմային այսօր Վիեննայում Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին իր ելույթում չանդրադարձավ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով», - հայտարարեց Միրզոյանը:

Մասնագետների խոսքով՝ նոր ատոմակայանի ծրագրման ու կառուցման համար առնվազն մեկ տասնամյակ է անհրաժեշտ, ու ժամանակ կորցնելու դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր ռեակտոր դեռ չունենալու պարագայում Հայաստանը կարող է կանգնել խնդիրների առջև։

XS
SM
MD
LG