Մատչելիության հղումներ

«Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է»․ Փաշինյան


Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այն ապահովում է ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը:

Փաշինյանը շեշտել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։

«Ներկայումս երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը», - հայտարարել է գործադիրի ղեկավարը։

Ընդգծելով, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները, Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայատանը որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:

«Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - հայտարարել է գործադիրի ղեկավարը՝ վերահաստատելով՝ հավաքական հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժն իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:

Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։ 2023-ի հոկտեմբերին էլ պարզվեց, որ Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովն էր քաղաքացիներից խնդրագիր ստացել՝ միջոցներ ձեռնարկել փակելու սահմանից 16 կիլոմետր հեռավորությամբ Մեծամորի ատոմակայանը։ Դիմումի հեղինակները մտահոգություն էին հնչեցրել, որ շահագործման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ատոմակայանը կարող է վտանգավոր լինել։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։

XS
SM
MD
LG