Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։
Օրենք ընդունումից հետո ընդդիմադիր խմբակցությունների մի մասը հայտարարեց խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մտադրության մասին:
«Ստեղծված իրավիճակում երկրում մնացել է ընդամենը մի քանի ինստիտուտ՝ նախագահի ինստիտուտը և խորհրդարանական ընդդիմությունը, որն այսօր ներկայացնում է ժողովրդի ձայնը և ժողովրդի շահերը։ Մի իրավիճակում, երբ երկրում հաստատված է ռուսական ռեժիմ, խորհրդարանական նորմալ աշխատանքն անհնար է պատկերացնել։ Այսօր տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը գործնականում ոստիկանության շարունակությունն էր խորհրդարանի դահլիճում, երբ որևէ ընդդիմադիր պատգամավորի թույլ չտվեցին նորմալ ելույթ ունենալ։ Ուստի մենք՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը և ընդդիմության մեծամասնությունը, չենք պատրաստվում շարունակել մեր գործունեությունը այս ռեժիմում, մենք անցնում ենք բոյկոտի ռեժիմի», - հայտարարեց «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարներից Լևան Բեժաշվիլին։
Շաբաթներ շարունակ ուժայինների կոշտ դիմադրության՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման պայմաններում Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ իշխանություններից պահանջում էին հրաժարվել ռուսաստանյան տխրահռչակ օրենքը հիշեցնող նախաձեռնությունից։ Թե՛ վրաց ընդդիմությունը, թե՛ Թբիլիսիի միջազգային գործընկերները մտավախություն ունեն, որ այդ օրենքի կիրառումը ժողովրդավարական օրակարգ որդեգրած երկրում կհանգեցնի ազատությունների սահմանափակման։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն ուղիղ մեկ տարի առաջ միջազգային հանրության ու երկրում բողոքի հուժկու ցույցերի ճնշման ներքո մեկ անգամ արդեն հրաժարվել էր այդ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունից, պնդում է, որ օրենքը վերադարձնելու միակ նպատակը ոչ-կառավարական ոլորտում ֆինանսական թափանցիկություն ապահովելն է՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։
Այս օրինագիծը դատապարտել է Վրաստանի գլխավոր գործընկեր Միացյալ Նահանգները, ընդամենը կես տարի առաջ Թբիլիսիին Եվրամիության անդամի թեկնածություն տրամադրած պաշտոնական Բրյուսելը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Ընդդիմախոսների համոզմամբ՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորներն օրենքն արտագրել են Ռուսաստանից՝ ցանկանալով հաճոյանալ Կրեմլին, հետագայում էլ՝ Պուտինի ռեպրեսիվ վարչակազմի օրինակով անկախ ձայները լռեցնել ու ճնշել։
Այս մեղադրանքներով այսօր մեկնարկեց խորհրդարանի լիագումար նիստը, որն ուղեկցվեց հերթական ծեծկռտուքով ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև, որին անմասն չմնացին նաև կին պատգամավորները: Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է իշխող ուժի ներկայացուցիչներից Ռիմա Բերաձեն թղթերով և պլանշետով հարվածներ հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի գլխին։
Լարված էր նաև խորհրդարանի շենքից դուրս, որտեղ օրենքին ընդդիմացող հարյուրավոր քաղաքացիների և ուժայինների միջև էին բախումներ տեղի ունենում։ Ներքին գործերի նախարարությունը, հավաքը որակելով ոչ խաղաղ, սկսեց բռնի ուժով բերման ենթարկել ակտիվիստներին։ «Ազատության» «Էխո Կավկազա» նախագծի փոխանցմամբ՝ ավելի վաղ ցուցարարները վնասել էին խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթյա պաշտպանիչ պատնեշը։ Ձերբակալվածների ստույգ թիվը մինչ այս պահը հայտնի չէ։
Երկիրը ցնցած օրենքը, որն ըստ պաշտոնական Բրյուսելի կարող է լրջագույն խոչընդոտ դառնալ Թբիլիսիի՝ Եվրամիությանն անդամակցության ճանապարհին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստանում է վետոյի ենթարկել:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքը տասն օրվա ընթացքում կամ մեկնաբանությունների դեպքում վերադարձնում խորհրդարան։ Իշխող մեծամասնությունը, սակայն, ունի բավարար թվով ձայներ նաև այդ խոչընդոտը հաղթահելոր համար։ Եվ եթե դրանից հետո էլ նախագահը չստորագրի օրենքը, այդ լիազորությունը վերապահվում է խորհրդարանի նախագահին՝ այդ պաշտոնն զբաղեցնում է իշխող ուժի ներկայացուցիչը:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի երրորդ ընթերցումը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանի այցի ֆոնին: Երեկ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրի փաստացի առաջնորդ, իշխող ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է ընդունել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Ընդ որում, ըստ Իրակլի Կոբախիձեի, սա առաջին դեպքը չէ վերջին ամիսներին, երբ Իվանիշվիլին մերժում է օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպման հրավերները: «Բիձինա Իվանիշվիլին շանտաժի տակ որևէ հանդիպում չի անցկացնի», - փոխանցել է վարչապետը։
Ինքը Կոբախիձեն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ և անկեղծ զրույց ունեցել, մասնավորապես՝ բացատրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։