Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարված է․ուժայինները ցուցարարներին հեռացնում են խորհրդարանի մուտքերի մոտից։ Հենց այս մուտքերով իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները կգան խորհրդարան այսօր երրորդ ընթերցմամբ քննարկելու «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Աղմկահարույց նախաձեռնությանը դեմ քաղաքացիները նախօրեին ժամը 22:00-ին հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում և, ինչպես նախատեսված էր, ամբողջ գիշեր անցկացրել են այնտեղ։ Ակցիան խաղաղ է ընթացել։
Այսօր նախքան մի քանի տարածքներից ցուցարարներին հեռացնելը, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները 5 րոպե ժամանակ են տվել ցուցարարներին տարածքը լքելու համար։ Ուժայիններ կան նաև Ազատության հրապարակում։ Նրանք ակտիվ միջոցներ չեն ձեռնարկում ցուցարարների նկատմամբ։
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ և վերջնական ընթերցմամբ քվեարկության կդնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ասել է, որ եթե օրենքն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից կսահմանվեն անձնական պատժամիջոցներ փաստաթղթին կողմ քվեարկած պատգամավորների և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Վրաստանում օրինագծի առաջին և երկրորդ ընթերցումներն ուղեկցվել են բողոքի ցույցերով, ընդհարումներով ու ձերբակալություններով։
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այն կնպաստի դեմոկրատիայի զարգացմանը:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կառույցները վիճահարույց փաստաթուղթն անվանում են ««ռուսական օրենք», քանի որ այն քիչ է տարբերվում Ռուսաստանում գործող նմանօրինակ օրենքից, որը հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի ազատությունը ճնշելու լայն հնարավորություններ է ընձեռել:
Արևմտյան գործընկերները նշել են, որ օրենքի ընդունումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Եվրամիությանը Վրաստանի անդամակցման ճանապարհին։