Մատչելիության հղումներ

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող  ճանապարհին


Պարեկները Կոտայք-Երևան ճանապարհին, 10-ը մայիսի, 2024թ․
Պարեկները Կոտայք-Երևան ճանապարհին, 10-ը մայիսի, 2024թ․

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին։ Մասնավորապես, Ջրվեժի մոտ նրանք ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատճառն իրականացվող ցույցերն են, Ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ արտառոց բան չկա, ստուգումներն անվտանգության նկատառումներով են։

Վարորդներից մեկը, մինչդեռ, «Ազատության»-ն ասաց, որ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում։

Տեղում աշխատող պարեկներից մեկն էլ նշեց, որ ստուգումները խցանումներ թույլ չտալու նպատակով են՝ շեշտելով՝ մեծ բեռնատարները կենտրոն օրենքով մտնել չեն կարող։

Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են մեկնարկել։

Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն Երևանում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման, սակայն երեկ հրապարակում կարմիր թելով անցնում էր վարչապետի հրաժարականի պահանջը։ Բագրատ սրբազանը նույնիսկ ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության ակցիաներ են սկսելու։

XS
SM
MD
LG