Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դրոշը հանվեց Լաչինից, խաղաղապահները շարունակում են հեռանալ


Ռուսաստանի դրոշն այսօր հանվել է Լաչինի ճանապարհից։ Ըստ տեսանյութերի՝ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է լքել հայաթափված Արցախը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված ժամկետից մեկուկես տարի շուտ։

Թե ինչպես, երբ և ինչի դիմաց Մոսկվան համաձայնեց դրան, առայժմ հայտնի չէ, հստակ է միայն, որ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահն այցելեց Մոսկվա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման։ Պուտինի հետ դռնփակ բանակցությունների հաջորդ օրը վերադառնալով Բաքու՝ Ալիևը կրկին շեշտեց, որ Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար, և որ այն պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։

«Դրա տակ ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանն ու ես, այժմ, սակայն, Հայաստանն արդեն ավելի քան 3 տարի է, ինչ ոտնահարում է այդ կետը, բայց չէ՞ որ դա իրենք էն ստորագրել։ Այժմ նրանք փորձում են ձերբազատվել այդ կետից, դա, սակայն, անհնար է։ Այնտեղ Հայաստանի վարչապետի ստորագրությունը կա, և այն պետք է հարգել», - ասել է նա։

Նույն օրը, երբ հանդիպում էին Պուտինն ու Ալիևը, Ռուսաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին նվիրված հատուկ նիստ է անցկացրել և նույն՝ «եռակողմ համաձայնությունների ամբողջական իրականացման» հարցն ընդգծել։

Մատվիենկոն պատրաստվում է բացատրություններ պահանջել Հայաստանի խորհրդարանից

Սրան զուգահեռ Մոսկվան հայտարարում է, թե Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդներն էլ շուտով կարող են հանդիպել՝ երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանի հարցերը քննարկելու համար։ Պաշտոնական Երևանը կոնկրետ հանդիպման օր ու ժամկետ դեռ չի նշել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել», - ավելի վաղ ասել է Հայաստանի վարչապետը։

Այս ֆոնին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն այսօր բացատրություններ է պահանջել հայ պաշտոնակցից, ով եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը պնդել էր, թե Ռուսաստանը ներխուժել է հարևան երկրի տարածք՝ Ուկրաինա։

«Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը», - ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մատվիենկոն պնդել է, թե այս քայլերով Ալեն Սիմոնյանը հատել է կարմիր գծերը, և որ ինքը պատրաստվում է նամակ ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ պարզելու՝ ում անունից են հնչել այդ հայտարարությունները։

«Ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի խորհրդարանը ղեկավարող իմ գործընկերոջն՝ ո՞ւմ անունից է նա նմանատիպ թեմաներ բարձրացրել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամական կապեր ունի», - ասել է նա։

Հայաստանի Ազգային ժողովից փոխանցեցին՝ որևէ նամակ դեռ չեն ստացել։

XS
SM
MD
LG