Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այդ մասին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, այդ իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։
«Դա (խաղաղապահների դուրսբերումը՝ ՏԱՍՍ) համապատասխանում է այն իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
- Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է ընդունել։
- Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր 5 տարի ժամկետով՝ 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
- Խաղաղապահների թիվը 1960 էր, իսկ մանդատի վերաբերյալ փաստաթուղթ կողմերի միջև այդպես էլ չէր ստորագրվել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պետք է կանգնեին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպես նաև հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։