ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«ԼՂ-ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար», - նշել է Գրիգորյանը:
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունն այսօր հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս: Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։
- Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է ընդունել։
- Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր 5 տարի ժամկետով՝ 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
- Խաղաղապահների թիվը 1960 էր, իսկ մանդատի վերաբերյալ փաստաթուղթ կողմերի միջև այդպես էլ չէր ստորագրվել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պետք է կանգնեին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպես նաև հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։