Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցք»-ը «իշխանության համար շարունակում է մնալ կարմիր գիծ». ընդդիմության արձագանքն այս պնդմանը


Պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Վահագն Ալեքսանյանը
Պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Վահագն Ալեքսանյանը

Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը Փաշինյանի կառավարության համար շարունակում է մնալ կարմիր գիծ, պնդում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Ադրբեջանի ղեկավարը մինչդեռ շարունակում է Հայաստանից պահանջել միջանցք։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ալիևը, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, դժգոհել է, թե Հայաստանը «ոտնահարում է այդ կետը, փորձում ազատվել դրանից,» ինչն, ըստ Ալիևի, անհնար է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը կանգ չի առնի և ուժով կփորձի ստանալ ուզածը, Ալեքսանյանն ասաց. - «Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ, բայց կարող եմ միայն ասել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը համատեղ ջանքերով ուղղակի պատռել ու աղբամանն են նետել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»։

Վարչապետ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Ադրբեջանի պատկերացրած միջանցքը Երևանի համար կարմիր գիծ է, Հայաստանից տարածքային պահանջ, և բացի այդ, չի կարող այնպես լինել, որ կողմերից միայն մեկի համար գործի այդ փաստաթուղթը։

Փաշինյանի թիմակիցը վստահեցնում է՝ իշխանության դիրքորոշումն ուժի մեջ է. - «Միակ քաղաքական ուժը, խորհրդարանականների մեջ առնվազն, որ ամեն կերպ ու մինչև վերջ հայտարարել է այն մասին, ու մինչև վերջ կանգնած է մնալու այն գծում, որ դա անթույլատրելի է ու կարմիր գիծ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է», - պնդեց Վահագն Ալեքսանյանը։

Ալիևին ոգևորել է Փաշինյանի զիջելու պատրաստակամությունը. Արթուր Խաչատրյան

Փաշինյանի համար կարմիր գիծ էր նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերի վերադարձը, «ինքն էր խոստանում ձեռքերը կտրել, բայց Տավուշից ոչինչ չտալ», հիշեցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կտրե՞լ է ձեռքը, այսօր ինքը կտրած ձեռքո՞վ էր բարձրացել Ծիծեռնակաբերդ։ Ես զարմանում եմ ընդհանրապես, որ մարդիկ ասում են՝ բայց, ախր իշխանություններն այսպես են ասել։ Իշխանությունն իր բոլոր խոստումները դրժել է», - ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Ալիևին ոգևորել է Փաշինյանի, իր ձևակերպմամբ, «զիջելու պատրաստակամությունը»։ Ըստ Խաչատրյանի՝ Բաքուն կանգ չի առնելու. - «Ալիևն ուզում է ասի՝ գիտես ինչ կա, չկարծեք, թե միայն դրանով վերջացրել եք, չկարծեք, թե դուք միայն այդ տարածքները հանձնելով վերջացրել եք, դուք դեռ ահագաին տալու բան ունե, ինքը շարունակելու է պարտադրել Սահմանադրության փոփոխություն»։

Իլհամ Ալիևը կրկին պահանջել է փոխել նաև Հայաստանի մայր օրենքը, քանի որ Անկախության հռչակագրում հիշատակված է Լեռնային Ղարաբաղի մասին: Նա սա համարել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապայման։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետն էլ է խոսել։ Հռչակագրի հղումը հանելու մասին ուղիղ չի ասել, բայց այլաբանորեն կարմիր զգեստի ու ցլերի համեմատությամբ ակնարկել հռչակագիրը մայր օրենքում թողնելու վտանգների մասին։

Այդուհանդերձ, իշխանականներն այն համարում են Հայաստանի ներքին գործը. - «ՀՀ-ն ու ՀՀ ժողովուրդն ինքն է որոշում՝ իր Սահմանադրությունը պիտի փոխի, թե չպիտի փոխի», - ասաց Ալեքսանյանը։

Սահմանադրության փոփոխության մասին BBC-ի հետ զրույցում այսօր խոսել է նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։

Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու քննարկումները թեժ էին այս տարեսկզբին, Փաշինյանը նույնիսկ հանդիպել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բայց հստակ որոշում մինչ այս պահը չկա։

XS
SM
MD
LG