Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Բաքվից հետ կանչեց իր դեսպանին. խնդիրը քննարկվել է Մակրոնի մակարդակով


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն, արխիվ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն, արխիվ

Ֆրանս - ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դիվանագիտական կտրուկ քայլի պատճառն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության, «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Փարիզը մանրամասներ չի հայտնում, բայց շեշտում է՝ խնդիրը քննարկվել է Ելիսեյան պալատի ղեկավարի մակարդակով, տեղեկացնելով, որ նախօրեին նախագահ Մակրոնն ընդունել է դեսպան Անն Բուայոնին և «ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ, ցանկություն հայտնել լսել ադրբեջանական կողմի պարզաբանումը»։

Մինչ այս պահը հայտնի չէ՝ արդյոք Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է կամ կկանչվի Ֆրանսիայի արտգործնախարարություն՝ նախագահ Մակրոնի ակնկալած պարզաբանումները հնչեցնելու։

Դեսպան Աբդուլաևային Բաքու վերադարձնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հաղորդում՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ պատասխան մեղադրանքների տեսքով. Ֆրանսիան զինում է Հայաստանին, միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ փաստաթղթեր է նախաձեռնում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բանաձևեր ընդունում, թվարկել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն. - «Մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին ընդամենը պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը»:

Ֆրանս - ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են 44-օրյա պատերազմից ի վեր։ Փարիզը պարբերաբար քննադատել է Ալիևի վարչակազմին, միաժամանակ, սակայն, խուսափել պատժամիջոցներ կիրառելուց՝ թեև նման պահանջ հնչեցվել է ընդհուպ Մակրոնի մերձավոր թիմակիցների կողմից, այդ թվում՝ երկկողմ դիվանագիտական սկանդալների ֆոնին:

Անցած դեկտեմբերին Ադրբեջանի իշխանություններն արտաքսեցին ֆրանսիացի երկու դիվանագետի՝ նրանց մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ, որևէ փաստ այդպես էլ չհրապարակվեց։ Փարիզը հերքեց մեղադրանքներն ու իր հերթին Ֆրանսիայից արտաքսեց երկու ադրբեջանցի դիվանագետի:

Մինչ մամուլն ապարդյուն փորձում էր պարզել, թե ինչ է թաքնված դիվանագիտական այս դեմարշի ետևում, Բաքուն հաղորդեց լրտեսության մեղադրանքով կալանավորված Ֆրանսիայի քաղաքացու մասին։ Հունվարից ադրբեջանական բանտում պահվող ֆրանսիացի գործարարին վերագրվող հանցանքի մասին կողմերը ոչինչ չեն հաղորդում:

Փոխարենը, Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևը կրկին առանց փակագծեր բացելու հայտարարեց՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները Ադրբեջանում փորձում են լրտեսական ցանց ստեղծել: Լրտեսությունից բացի, Բաքուն Փարիզին մեղադրում է նաև իսլամաֆոբիայի, ռասիզմի, կայսերականության մեջ:

Ալիևը վերջին շրջանում պարբերաբար Բաքու է հրավիրում ֆրանսիական նախկին գաղութների ներկայացուցիչների, որոնք պատմում են Փարիզի ճնշումների մասին, ինչն էլ լայնորեն լուսաբանում է ադրբեջանական պետական մեդիան:

Ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Գասըմլիի համոզմամբ՝ Փարիզը նաև հակաֆրանսիական քարոզչության պատճառով է դիմել դիվանագիտական կտրուկ քայլի:

Ըստ Գասըմլիի՝ մյուս պատճառն էլ հայ - ադրբեջանական գործընթացներն են. - «Նրանք դեռ սպասում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Վստահ եմ, որ Ադրբեջանը խնդիր ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև՝ Միացյալ Նահանգների հետ, և պատճառը Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի չստորագրումն է»

Արդյո՞ք վտանգված է նաև Ադրբեջանի և իր առևտրային առաջատար գործընկերոջ միջև տնտեսական համագործակցությունը: Ֆրանսիական խոշորագույն ընկերությունը, հիշեցնենք, նաև Ադրբեջանի էներգետիկ ոլորտում է գործունեություն ծավալում։

Ադրբեջանցի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը մտավախություն ունի, որ Բաքուն ի վերջո կբախվի պատժամիջոցների՝ նկատելով, որ կոնկրետ Փարիզի հետ հարաբերություններում գործ ունի Եվրամիությունում որոշում կայացնող երկրի հետ:

«Ֆրանսիան ոչինչ չի կորցնում այդ հարաբերությունների վատթարացումից: Բայց Ադրբեջանի համար դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել: Պատժամիջոցների հարցը երկար ժամանակ է ինչ օրակարգում է, կարծում եմ, որ նման վտանգ կա, և թիրախում կարող են հայտնվել, օրինակ, նավթն ու գազը», - հայտարարել է Մամեդովը:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անցած շաբաթներին խոսելով ֆրանս - ադրբեջանական լարվածությունից փաստել էր՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, սակայն տնտեսական համագործակցության ոլորտում ռիսկեր չկան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG