Մատչելիության հղումներ

Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ. ԱԳՆ խոսնակ


Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում, լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ապրիլի 2-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ որոշ երկրների կողմից հնչած արձագանքը:

ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է՝ կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով:

«Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ», - ասել է Անի Բադալյանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Երեկ Ադրբեջանի նախագահն է անդրադարձել ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությանը և նշել՝ նա «ստում է»: Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Ադրբեջանից բացի քննադատել էր նաև ԵՄ անդամ Իտալիայի փոխարտգործնախարարը՝ պնդելով՝ Սեժուրնեի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում տրամադրությունը հանգստացնելուն:

Իտալիան 2023-ին 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծել Ադրբեջանից՝ դառնալով ԵՄ ամենախոշոր գնորդը:

Ադրբեջանը, իր հերթին, «Լեոնարդո» իտալական ռազմական ընկերությունից C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG