Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին: Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հայաստանն ու Ֆրանսիան աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
Փարիզը մեկ անգամ չէ հայտարարել, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս․ Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը՝ շեշտելով՝ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։
«Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել», - ասել էր Լըկորնյուն։
Անցած տարեվերջին Փարիզը հայտարարեց, որ ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են։
Ադրբեջանը «խստորեն դատապարտեց» այդ առաքումները Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարի Զախարովան էլ ասաց, թե Փարիզն անպիտան զենքեր է ուղարկել Երևան՝ չներկայացնելով դա վկայող որևէ փաստ կամ ապացույց։
«Մենք չենք ուզում, որ այսպես կոչված արևմտյան բարեկամները խաբեն Հայաստանի ժողովրդին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, այս «Բաստիոն» զրահամեքենաներին՝ սա ոչ-լիկվիդային սպառազինություն է», - ասել էր Զախարովան: