Ընդդիմադիր խորհրդարանականներն իրենց նախաձեռնած սահմանազատման թեմայով քննարկմանը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին փաստաթղթեր ու քարտեզներ են ներկայացրել:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանի ձեռքում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին արձանագրությունն է՝ ստորագրված 1988 թվականի հունվարի 12-ին, սա վերջին իրավական ակտն է հայ-ադրբեջանական սահմանի մասին։
36 տարի առաջ այդ փաստաթուղթը ստորագրել են Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն ու իր ադրբեջանցի կոլեգան՝ Մամեդովը։ Այստեղ 6-րդ կետում նշված է՝ մի շարք վայրերում, ելնելով հողօգտագործողների ցանկությունից, երկու հանրապետությունների համաձայնությամբ փոխանակումներ են տեղի ունեցել, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիսի ու Ոսկեպարի սովխոզներին փոխհատուցվել են համարժեք տարածքներ՝ Ղազախի Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։
«Մեր ասածը հանգամանալից քննարկումն է այդ ամեն ինչի, ոչ թե մի օր վեր կենալ, ասել՝ էս 4 գյուղի հատվածը տալիս ենք Ադրբեջանին», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը շեշտում է՝ սահմանազատման գործընթացը մի քարտեզով չէ, երկար ու համբերատար բանակցություններում պետք է օգտագործվեն իրավական բոլոր նյութերը, ոչ թե արագ հայտարարել միակողմանի զիջման մասին։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը սահմանի անշտապ գծման հետ համաձայն է, բայց որ այս փաստաթուղթը մի բան կփոխի նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի հարցում, ասում է՝ ոչ։
«Նման զգայուն հարցերում, իհարկե, շտապելը և նաև ահաբեկելը սահմանային գոտու բնակիչներին, իմ կարծիքով անընդունելի է, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ցանկացած լուծում այս հարցերի, իհարկե, ենթադրում է, որ այդ բուն չորս գյուղերը, այլ ոչ թե հարող տարածքները, որոնցով անցնում են կոմունիկացիաներ, իհարկե դրանք պետք է անցնեն Ադրբեջանին», - ասաց քաղաքագետը:
Մելիքսեթյանի ձեռքի տակ հայ-ադրբեջանական սահմանի մասին արձանագրությունից մեկ տարի անց տպագրված սովետի գլխավոր շտաբի քարտեզն է՝ ոչ մի լավ նորություն, Բաղանիս Այրումը, Աշաղի Ասկիպարան, Խեյրիմլին ու Ղզլհաջիլին ադրբեջանական են, այսինքն, այդ փաստաթուղթը քարտեզի գծերի էական փոփոխության չի հանգեցրել։
Գյուղերի փոխանակում չի արվել, Մելիքսեթյանը ենթադրում է՝ Ներքին Ոսկեպարի մի քանի տների մասին է խոսքը, որ կառուցվել էին Ոսկեպարի հայկական եկեղեցու մոտակայքում։ Քաղաքագետը Նոյեմբերյան-Ղազախ սահմանի ադրբեջանաբնակ գյուղերի փոխանցմանն այլընտրանք չի տեսնում, բայց շեշտում է բուն գյուղերի հարակից տարածքները, որտեղով անցնում են հայկական կողմի ենթակառուցվածքները, պետք է փոխանակվեն, օրինակ, Աշաղի Ասկիպարայի սեպի պես հայկական տարածքի մեջ խրվող հատվածը։ Սահմանի գծման գործընթացից առաջ, ըստ նրա, պարտադիր է, որ սկզբունքներ համաձայնեցվեն:
«Այս սկզբունքները պետք է լինեն հավասար թե՛ հայկական կողմի համար, թե՛ ադրբեջանական», - ընդգծեց Սամվել Մելիքսեթյանը:
Հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյան-Ղազախի հատվածը, քաղաքագետն ասում է, ամենաբարդ սահմանն է, և նույնիսկ Խորհրդային միության տարիներին այստեղ չեն լռել թեժ միջադեպերը։ Եվ այդպես շուրջ 120 տարի։