Բրյուսելում Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն բարձր մակարդակով հանդիպումից հետո արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների խորհրդի նիստին։ Այն նախատեսված է Մինսկում՝ ապրիլի 12-ին։ Ինչո՞ւ չի մեկնում Մինսկ, Միրզոյանը չի բացատրում։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հայաստանը կներկայանա փոխնախարարի մակարդակով։ Արտգործնախարարության խոսնակն ամբողջ օրն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե Հայաստանից ո՞վ է մասնակցելու նիստին։ Հինգ օր առաջ էլ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբի պետերի նիստ է եղել Մոսկվայում։ Հայաստանից մասնակցել են ցածր մակարդակով՝ Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի։ Մինչդեռ Ադրբեջանից ու Ռուսաստանից գլխավոր շտաբի պետն է մասնակցել։
Արտաքին գերատեսչության ղեկավարի մակարդակով չներկայանալը Ռուսաստանի հետ առճակատման շարունակությունն է, կարծում է Ազգային ժողովի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի առջև պահանջ է դրվել՝ մաս դառնալ հակառուսական ճակատին։
«Դա ակնհայտ է, ճամբարի փոփոխություն է էն էլ պատերազմի ժամանակ: Խրամատից խրամատ են վազում մարտի ժամանակ: Մենք էլ ենք տեսնում՝ շատ դժգոհելու հարցեր կան թե՛ ՀԱՊԿ-ի գործունեությունից, թե՛ մեր ռազմավարական գործընկերներից, բայց խռոված ձևով շարունակելը հարիր չի նորմալ քաղաքական գործընթացներին, պետական մտածելակերպին», - ասաց Ռուստամյանը
Ռուսաստանի նախաձեռնած միություններից Հայաստանի վարչապետը հասցեական ու ուղիղ քննադատել է ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին, հայտարարել անդամակցության սառեցման մասին, քանի որ կառույցը չի կատարել Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունը։ ԱՊՀ-ն ու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը սառեցնելու կամ լքելու մասին պաշտոնական հայտարարություններ Երևանից չեն եղել։ Հավասարակշռված քաղաքականություն վարելու պնդումներ են հնչել։ Հավասարակշռված քաղաքականության մասին են խոսում, բայց հակառակ քայլերն անում։ Ասում է՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունը Արևմուտքի հետ և դա շատ կարևոր է, բայց հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների առճակատման ճանապարհով: Այո, կան խնդիրներ, բայց ես կարծում եմ՝ խնդիրները պետք է գնալ քննարկել և այլն», - նշեց Բադալյանը:
Թե՛ պատգամավորը, թե՛ քաղաքական մեկնաբանը կարծում են, որ Հայաստանի իշխանությունը անկախ պետությունների համագործակցության այս հարթակն էլ պետք է օգտագործի՝ դժգոհությունները հայտնելու ու հարցերը քննարկելու համար, ոչ թե բոյկետի կամ ի նշան բողոքի՝ ցածր մակարդակով ներկայանան։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման փուլում անգամ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը կարևորել էր ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Որ այս տարի փոխնախարարի մակարդակով է հանդիպումը լինելու, Իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կազմակերպչական հարց է համարում։ Քաղաքական տրամադրվածություն չկա։
«Սա չի նշանակում, որ որևէ մեկը որևէ մեկի հետ ուզում է գնալ առճակատման, ընդհակառակը, սա աշխատանքային գործընթաց է, և մենք մասնակցում ենք ԱՊՀ նիստին», - ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը:
Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահը վստահեցնում է, որ այս հարթակում համագործակցությունը սառեցնելու մտադրություն չունեն. - «Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր միջազգային պայմանավորվածություններին»:
Անցած տարի, երբ Ադրբեջանը շրջափակված էր պահում Արցախն ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լարված էին, Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։