Մատչելիության հղումներ

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ և ԵՄ աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին


Եռակողմ հանդիպմանը նախորդած համատեղ ասուլիսը Բրյուսելում, 5-ը ապրիլի, 2024թ.
Եռակողմ հանդիպմանը նախորդած համատեղ ասուլիսը Բրյուսելում, 5-ը ապրիլի, 2024թ.

Հայաստանյան քաղաքական և փորձագիտական դաշտում բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ բանավեճը չի դադարում: Եթե իշխանությունը ավելի քան 300 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունից բացի կարևորում է նաև ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ընդդիմությունից համարում են, որ այն կյանքի կոչելու հարցում Արևմուտքից առավելագույնը, որ կանեն, հայտարարություններն են:

«Այս նախագիծը ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և այստեղ՝ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է». - «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մոտ կես տարի առաջ ներկայացրել էր Եվրոպական խորհրդարանի իր ելույթում՝ ակնկալելով միջազգային գործընկերների աջակցությունը:

Այժմ, երբ կա Եվրամիության ու Միացյալ Նահանգների աջակցությունը այս ծրագրին, արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում նաև գործնական քայլեր կլինեն այդ ուղղությամբ: Իշխանական պատգամավորն ուղիղ չի ասում:

«Գործնական աջակցությունը ինքնին ավելի շատ, այսինքն, վերացական հասկացություն է՝ ի՞նչ է նշանակում գործնական աջակցությունը: Առաջինը, որ իրենք փորձել են և փորձում են անել, դա միջնորդի դեր ստանձնելն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ցավոք սրտի, Ադրբեջանը վերջին շրջանում, վերջին կես տարում մոտավորապես մերժում է այդ միջնորդական ջանքերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը:

«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման Նիկոլ Փաշինյանի կառավարության տեսլականն է, ինչի իրականացման համար Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է բաց սահմաններ ունենա: Այս ուղղությամբ մինչ օրս որևէ դրական տեղաշարժ չկա: Շաբաթավերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ենթակառուցվածքների հարցում Երևանն ու Բաքուն համաձայնություն չունեն, առաջընթաց չկա նաև հայ - թուրքական գործընթացում: Ո՛չ պետքարտուղար Բլինքենը, ո՛չ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակային հայտարարություններում այս հարցերին չանդրադարձան:

«Այդ ծրագրի գործունեության համար այս երկու կողմի համաձայնությունն է պետք: Ես անկեղծ չգիտեմ՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատրա՞ստ են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և էական ճնշում գործադրել, և Թուրքիայի վրա, որպեսզի այդ ծրագիրը իրականացվի: Կարծում եմ, որ ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել, որոնցից 5-ը՝ Հայաստան-Ադրբեջան, 2-ն էլ՝ Հայաստան-Թուրքիա սահմաններին: Մինչ այս նոր գաղափարը` հայկական կողմը ենթակառուցվածքների ապաշրջափակումը պատկերացնում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով։ Ի՞նչ է ակնկալում իշխանությունը Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից նախաձեռնության իրականացման համար, արդյոք հայտարարությունները բավարա՞ր են:

«Կարևոր է մեր միջազգային գործընկերների ընկալումը, և ինչքան ընդհանուր լինի ընկալումը, էնքան դրանից շեղվող մտքերը տարօրինակ կթվան, այսինքն, կասեն՝ «մի րոպե, ոնց, սենց լավ գաղափար կա՝ հենված միջազգային իրավունքի վրա, բայց դուք ինչ-ոոր ուրիշ բան եք ուզո՞ւմ, սենց ո՞նց կլինի», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որի կարծիքով բրյուսելյան հանդիպումը ձախողված էր անգամ ֆինանսական հատկացումների տեսանկյունից, համարում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցելու արևմտյան առաջնորդների վստահեցումները հնչել են մի նպատակով՝ «որ Փաշինյանը շատ չնեղվի»:

Եթե իրական նպատակն այդ նախաձեռնությանը աջակցելը լիներ, ապա, Խաչատրյանի կարծիքով, պետք է Ադրբեջանին հրապարակային ուղերձ հղվեր՝ պատժամիջոցների տեսքով, իսկ հայտարարություններն, ըստ նրա, վաղուց արդեն փաստ է՝ գործնականում ոչ մի արդյունք չեն ունենում:

«Որպեսզի կարողանան իրական, գործուն աջակցություն ցուցաբերել, պետք է պատրաստ լինել գնան Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման, այսինքն՝ էն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ էին կիրառում, լավ, թեկուզ դրա մեղմ տարբերակը, պետք է կիրառվի նաև Ադրբեջանի դեմ: Ես այսօր չեմ տեսնում, որ Եվրոպան պատրաստ է դա անելու», - նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Այլ են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանի տպավորությունները: Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ միջազգային դերակատարների մոտ կա ընկալում, որ ճանապարհների ապաշրջափակման Կառավարության նախաձեռնությունն իրատեսական է և տարածաշրջանի երկրներին զարգացում կապահովի: Իսկ Ադրբեջանի ապակառուցողականությունն Արևմուտքում հետևանքներ է ունենում:

«Էդ երկրները վերաբերմունք են ձևավորելու, երկրները՝ Ամերիկան և Եվրոպական միությունը, Ադրբեջանի նկատմամբ նաև կախված իր կառուցողականությունից կամ ապակառուցողականությունից՝ էս հարցում: Եվ մենք դա տեսնում ենք, որ մեր գործընկերները դա հասկանում են աստիճանաբար. մեր հետ հանդիպումների ժամանակ են դա ասում off record, երբեմն հայտարարությունների մակարդակով ենք լսում, և էս էլ է կարևոր գործնական քայլ, որ մեր գործընկերներն ասեն՝ «գիտե՞ս, եթե դու շարունակես էսպես ապակառուցողական լինել, ապա հիշիր, որ մենք էլ ունենք հարաբերություններ քո հետ», ու արդեն կախված, թե դրանցից որն է ավելի կարևոր էդ երկրի համար՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար, իրենք որոշումներ կկայացնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոսյանը:

Արևմուտքը, որի միջնորդական ջանքերը Բաքուն արդեն տևական ժամանակ է տարբեր պատճառաբանություններով մերժում է, մինչ օրս Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին որևէ հրապարակային հայտարարություն չի արել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG