Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը հայտարարություն են ընդունել, կարևորել «ճանաչված սահմանների անքակտելիությունը»


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, 9 մարտի, Թեհրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, 9 մարտի, Թեհրան

Իրանի և Հայաստանի արտգործնախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանում։

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, իրանական պատվիրակությունը ղեկավարել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանինը։

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Կոստանյանին ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։

«Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։

Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը», - ասված է Երևան-Թեհրան համատեղ հայտարարության մեջ։

Անցած տարեվերջին Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը Երևանում վերահաստատել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը տարածաշրջանը վերածելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու խաղաղության և կայունության համար, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարն էր օրերս զգուշացրել Հայաստանի պաշտպանության նախարարին, ով ևս գտնվում էր Իրանում։ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը վերահաստատել էր Թեհրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։

XS
SM
MD
LG