Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից. ԱԽ քարտուղար


Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան թե Ադրբեջանից, Հանրայինի եթերում երեկ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակին։

Մարիա Զախարովան օրերս ռուսական հեռուստաալիքի եթերում զգուշացրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է հանգամանքից, թե Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին և ԱՄՆ-ին «քայքայիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ երկու երկրների հարաբերությունների վրա»։

«Դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ սրումը ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան թե Ադրբեջանից։ Կարող ենք այս հայտարարությունից հենց դա ենթադրել, և դա մտահոգիչ է շատ», - նշել է Գրիգորյանը։

Մոսկվան, չնայած Հայաստանի իշխանությունների հասցեին շարունակական կոշտ քննադատություններին և մեղադրանքներին, օրերս երկխոսության առաջարկ էր արել Երևանին՝ կուտակված խնդիրները լուծելու համար։ Ի պատասխան փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ընդգծել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն նպաստում երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։

Այժմ արդեն, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մեղադրում է Մոսկվային հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սրման համար։

Ինչո՞վ են պայմանավորված Մոսկվայից և Երևանից միմյանց հասցին հնչող մեղադրանքները

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Ինչո՞վ են պայմանավորված Մոսկվայից և Երևանից միմյանց հասցին հնչող մեղադրանքները։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ 2 կողմի նպատակներն էլ քարոզչական են՝ լոկալ խնդիրներ լուծելու համար։ Հայաստանի իշխանությունն, ըստ վերլուծաբանի, մասնավորապես Ռուսաստանի դեմ պայքարի թեմայով փորձում է հասարակության շրջանում իր նվազող վարկանիշը պահել։

«Կա երկու հիմնական ռեսուրս, որով իշխանությունը պահում է այդ վարկանիշը, մեկը Հայաստանի կառավարող նախկին համակարգի թեմայի անընդհատ խաղարկում և նաև Ռուսաստանի դեմ, այսպես ասենք, պայքարի կամ ինքնիշխանության համար պայքարի թեմայի խաղարկում», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Այս թեման, ըստ Հակոբ Բադալյանի, պահանջված է նաև Արևմուտքում, քանի որ, ըստ նրա, Հայաստան - Ադրբեջան գործընթացը Արևմուտքին առավելապես հետաքրքիր է Ռուսաստանի դիրքերը թուլացնելու տեսանկյունից։

«Քանի որ հիմա Հայաստանի իշխանությունը փորձում է Արևմուտքի օգնությամբ ինչ-որ հարցեր լուծել Ադրբեջանին զսպելու առումով, այս թեման իրացնում են նաև Արևմուտքում, որովհետև Արևմուտքին Հայաստան-Ադրբեջան գործընթացը հետաքրքիր է առավելապես Ռուսաստանի դիրքերը թուլացնելու տեսանկյունից ու, բնականաբար, էս պահանջարկը կա, ու Հայաստանի իշխանությունը փորձում է բավարարել պահանջարկը», - ընդգծեց Բադալյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս էլ, ըստ վերլուծաբանի, իր դիրքերի թուլացումն ու ազդեցության նվազումը փորձում է բարդել պաշտոնական Երևանի վրա։

Մոսկվան կարող է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Քոչինյան

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ Մոսկվան կարող է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

«Միակ ուժային կենտրոնն աշխարհում, որը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ և ընդհակառակը՝ շահագրգռված է կոնֆլիկտի վերարտադրությամբ, դա Ռուսաստանի Դաշնությունն է», - ասաց Քոչինյանը:

Վերլուծաբանն ընդգծում է՝ քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ ձեռնտու չէ Ռուսաստանին, Արևմուտք -Ռուսաստան գլոբալ դիմակայության պայմաններում Արևմուտքը նպատակ ունի հասնել խնդրի կարգավորմանը։ Այդ դեպքում, ԱՄՆ-ը և Եվրամիությունն ի զորո՞ւ են չեզոքացնել Մոսկվայից եկող սպառնալիքները։ Արեգ Քոչինյանն ասում է, որ դա կախված է, թե կողմերից յուրաքանչյուրը որքան ակտիվ կներգրավիի այս գործընթացում։

«Հարցերից հարցը հետևյալն է՝ Արմուտքն արդյոք բավականաչափ քաղաքական կամք և էրերգիա կներդնի հակազդելու, հավասարակշռելու համար Ռուսաստանին ու դրա կարևոր ցուցիչներից մեկը հենց ապրիլհինգյան եռակողմ հանդիպումն է», - նշեց Արեգ Քոչինյանը:

Հայ-ռուսական հարաբերությունները լարված են արդեն մի քանի տարի՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումներից ու Արցախի հայաթափումից հետո, Երևանը համարում է, որ դաշնակիցը չի կատարում պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG