Ուրբաթ օրը Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 14-ին:
Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով երեկ է մեկնել Բրյուսել, որտեղ բացի եռակողմ հանդիպումից հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Թեև ինչպես պաշտոնական Երևանը, այնպես էլ Վաշինգտոնը և Բրյուսելը շեշտում են, որ եռակողմ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի բարեփոխումներին ու ժողովրդավարությանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ, օրակարգում չկա նաև հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը, Բաքուն, Մոսկվան և Անկարան իրենց դժգոհությունն են բարձրաձայնում:
Ադրբեջանը «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը և պնդել, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն, իր հերթին, պնդել է, թե նման հանդիպումներն «ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունն էլ նախօրեին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»:
Նախորդ օրերին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագահը: Իլհամ Ալիևը վերստին բարձրաձայնել է իրենց մտահոգությունները և նշել՝ այն, որ հանդիպումը չի հետաձգվել՝ չնայած Ադրբեջանի «արդար դիտողություններին», կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։ Էնթոնի Բլինքենը վերստին շեշտել է, որ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել է, որ Ալիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։ ԵՀ նախագահը հավելել է, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաև քննարկել, թե ինչ անել, որպեսզի Բաքվում COP29-ը հաջողություն ունենա»։
Ինչպես Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, այնպես էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել են, որ չնայած հանդիպման մեծ կարևորությանը՝ ճիշտ չէ դրանից չափազանց բարձր ակնկալիքներ ունենալ: