«Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում», - ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։
«Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը», - հայտարարել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե «արևմտյան պետությունները նախևառաջ իրենց, այլ ոչ թե տարածաշրջանի շահերն են հետապնդում»։
«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետությունները ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները», - հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը։
Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ըստ պաշտոնական Երևանի՝ հանդիպմանը քննարկվելու են եռակողմ համագործակցության, այդ թվում՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու ուղիները։
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։
Պատասխանելով Բաքվից հնչած մեղադրանքներին Երևանը կրկին պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։
Մոսկվան է նաև մտահոգություն հայտնել ապրիլհինգյան հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ այն Ռուսաստանի դեմ է և որ «Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։
ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ արձագանքել է՝ «վերջին մի քանի ամիսների ընթացքում անհանգստությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետևանք են»։