Հայաստանի նախկին նախագահի կարծիքով՝ վաղը Բրյուսելում նախատեսված Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը տարածաշրջանում առճակատման է հանգեցնելու, բայց այլ աշխարհաքաղաքական իրավիճակում այն օգտակար կլիներ։
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն ասում է՝ Փաշինյանը պետք է խնդրի Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը՝ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, որի մոտ 200 քառակուսի կիլոմետրն այժմ վերահսկում է ադրբեջանական բանակը։
«Այդպիսի առճակատում կա՝ Արևմուտք և Ռուսաստան, ապա այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացումը մեր տարածաշրջանում: Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինի՝ խնդրել Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին՝ ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը», - նշեց Հայաստանի երրորդ նախագահը:
Փաշինյանի իշխանությանը կոշտ քննադատող նախկին նախագահն անդրադարձավ նաև Տավուշի մարզին հարակից չորս նախկին ադրբեջանաբնակ գյուղերը Ադրբեջանին փոխանցելու՝ իշխանության մտադրությանը։ «Եթե հանձնեն, շատ մեծ խնդիրներ կծագեն», - ասաց նա։
«Կոնկրետ այդ գյուղերի հետ կապված՝ շատ մեծ պրոբլեմներ են լինելու, շատ մեծ խնդիրներ են լինելու: Ես կարծում եմ՝ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է էնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են էս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով, օրինակ, նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պիտի անվնաս թողնեն, ինչո՞ւ, էլի: 90-ականների սկզբներին շատ մեծ դժվարությունների գնով Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց վերջ տալ այդ գազատարների պայթեցմանը և այլն: Եվ եթե իրեն թվում է, թե արդեն ամեն ինչը լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են, ի՞նչ ասեմ», - ընդգծեց Սարգսյանը:
Վարչապետ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, թե դե յուրե Հայաստանին չպատկանող ոչ անկլավային չորս գյուղերը չվերադարձնելու այլընտրանքը պատերազմն է։
«Այսինքն՝ սա բանակցություն է՞, սա սահմանազատման գործընթաց է՞, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալն է: Մենք կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ վաղը-մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել, ասել՝ «եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք», և էսպես ինչ ուզի՝ վերցնի: Սա ի՞նչ մոտեցում է», - ասաց նախկին նախագահը:
Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղի հարցով տասը տարի բանակցած Սարգսյանը. - «Կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ առանց միջնորդների բանակցությունը մեզ տանում է շատ վատ ձախողումների, շատ ակնհայտ է։ Միջնորդները նրա համար են, որպեսզի կարողանան երաշխավորել բանակցությունների նորմալ ընթացքը։ Այ եթե չկարողանան, էդ դեպքում միջնորդներին կարելի է մեղադրել»։
Սարգսյանը հիշեցրեց, թե քանի անգամ է ներկայիս իշխանություններին զգուշացրել պատերազմի մասին՝ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերից սկսած, վերջացրած՝ 2019-2020 թվականներին։
Նախկին նախագահն այսօր մասնակցում էր վառելիքի համար պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով դատական նիստին, որը, սակայն, հետաձգվեց։ Այս դատավարությունն արդեն մոտենում է ավարտին, բայց քանի որ անցել է ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը, 69-ամյա նախկին նախագահը մեղավոր ճանաչվելու դեպքում չի ազատազրկվի։