Մատչելիության հղումներ

Ըստ Սերժ Սարգսյանի, ադրբեջանական ճնշումների արդյունքում նոր զիջումներ կլինեն


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում, անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունեցավ, կարծիք հայտնեց՝ ադրբեջանական ճնշումների արդյունքում նոր զիջումներ կլինեն:

«Երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի առանց որևէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն», - ասաց Սարգսյանը:

Արդյո՞ք սա նշանակում է նոր պատերազմ, երրորդ նախագահի պատասխանը կարճ էր՝ պատերազմներ լինում են, երբ կողմերն ինչ–որ չափով կարող են երկար ռազմական գործողությունների հնարավորություն ունենալ։ Բանակի ռեսուրսների մասին ստույգ տեղեկություն թեև չունի, բայց կարծում է, որ հայկական բանակին ստիպում են խեղճանալ։

Նախկին նախագահը նկատի ուներ Ռազմական ոստիկանության հաղորդագրությունը, որը նախորդեց Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքին։ Ադրբեջանը հայկական կողմին էր մեղադրել առաջինը կրակ բացելու մեջ։ Ռազմական ոստիկանությունը հայտնել էր, թե այդ հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

«Վաղը, մյուս օրը, երբ որ ադրբեջանցիները ճնշեն, ես կարծում եմ, որ մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենալու դիմադրելու, որովհետև այդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անցկացնել, պատժել և այլն», - նշեց Սերժ Սարգսյանը:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ըստ Սարգսյանի, կլինի կրկնակի կապիտուլյացիա, հատկապես, որ Բաքվի բառապաշարը օր-օրի ավելի հրամայողական է դառնում։

Տևական ժամանակ ընդդիմությունը պնդում է՝ այդ պահանջներից մեկն էլ մայր օրենքի փոփոխությունն է, չնայած իշխանության հակադարձումներին։ Երրորդ նախագահն էլ այսօր ակնարկեց՝ Ալիևն իր խոսքից ետ չի կանգնի։

«Եթե իրենց թվում է, թե ինչ-որ հրաշք տեղի կունենա, որ Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի և այլն, չի կարող այդպիսի բան լինել, որովհետև նորից պիտի կրկնեմ՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը», - ասաց նա:

Իշխանափոխությունն է համարում ներկայիս ծանր իրավիճակի միակ լուծումը, թե ինչպե՞ս, երրորդ նախագահը չասաց։

Լրագրողների հետ զրույցում խոսքը հասավ նաև «Մարտի 1»-ի արյունալի դեպքերին, երբ 2008-ին Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո սկսված ցույցերում մայրաքաղաքի կենտրոնում տասը մարդ սպանվեց:

«Էդ փամփուշտ օգտագործել է իրավապահ մարմինն ու օգտագործել է ճիշտ տեղին ու ժամանակին», - նշեց երրորդ նախագահը:

Սարգսյանն այսօր մասնակցում էր դիզվառելիքի յուրացման գործով նիստին, որը, սակայն, հետաձգվեց, պաշտպանական կողմը վերջին խոսքի համար հավելյալ ժամանակ խնդրեց։

Ըստ մեղադրանքի՝ երրորդ նախագահը չարաշահել է պաշտոնեական դիրքը, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, պետությանը հասցվել է մոտ կես միլիարդ դրամի վնաս։

XS
SM
MD
LG