Մատչելիության հղումներ

Բրյուսովի ռեկտորը պարտվել է դատարանում՝ պրոռեկտորին ազատելու որոշումն անհիմն է


Ցոլակ Ակոպյանը և փաստաբանը դատական նիստի ընթացքում, լուսանկարը՝ Ակոբյանի ֆեյսբուքյան էջից
Ցոլակ Ակոպյանը և փաստաբանը դատական նիստի ընթացքում, լուսանկարը՝ Ակոբյանի ֆեյսբուքյան էջից

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ու նախկին պրոռեկտորի վեճն առաջին ատյանի դատարանում ավարտվել է հօգուտ պրոռեկտորի։ Դատարանը որոշել է, որ Ցոլակ Ակոպյանին պաշտոնից ազատելու հրամանն անհիմն է։

«Ես բողոքարկել եմ ինձ աշխատանքից ազատելու հրամանն ամբողջությամբ, ու դատարանը հրամանն ամբողջությամբ ճանաչել է անվավեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ակոպյանն ազատվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի հրամանով հինգ ամիս առաջ։ Նրանց հարաբերությունները լարված էին։ Ցոլակ Ակոպյանը համարում էր, որ կառավարությունը ռեկտորի թափուր պաշտոնում Դավիթ Գյուրջինյանին նշանակում է օրենքի խախտումներով, և պայքարում էր այդ նշանակման դեմ։

«Ակնհայտ է՝ ազատել է նրա համար, որ քննադատում եմ իրեն, որ մինչև օրս ասում եմ, որ ինքն ապօրինի է նշանակվել», - նկատեց նա։

Մեկ տարի առաջ Բրյուսովում բողոքի ակցիաներ ու դասադուլներ էին ընդդեմ այդ նշանակման։ Գյուրջինյանը ոստիկանների ուղեկցությամբ ներկայացավ բուհի դասախոսական կազմին։


Եվ չնայած դիմադրությանը՝ Ցոլակ Ակոպյանը շարունակեց աշխատել մոտ հինգ ամիս, սեպտեմբերին են որոշել նրան հեռացրել՝ հիմնավորելով, թե չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Ակոպյանի պնդմամբ՝ ազատման փաստարկներից մեկն էլ լրատվամիջոցներով ու սոցցանցերով ռեկտորին քննադատելն է եղել։

«Երկրորդ ու երրորդ փաստարկը ամբողջությամբ վերաբերում է ոչ թե իմ՝ պրոռեկտոր եղած աշխատանքին, այլ իմ դեկան աշխատած ժամանակաշրջանին, ինչ-որ անհիմն ստորագրության, որով քրեական գործ է հարուցվել, այս պահին նախաքննություն է ընթանում, և վերջին պատճառն այն է եղել, որ ես ռեկտորի պարտականությունները կատարելու ժամանակ իբր անհիմն երկու աշխատակցի նկատողություն եմ տվել», - ասաց Ցոլակ Ակոպյանը։

Դատարանը պարտավորեցրել է բուհի նախկին պրոռեկտորին փոխհատուցել, որն, ըստ Ակոպյանի հաշվարկի, մոտ յոթ միլիոն դրամ կկազմի, եթե առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ մտնի։

Բուհի ղեկավարությունը պատրա՞ստ է կատարել դատարանի որոշումը, թե՞ այն բողոքարկելու է. ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը չցանկացավ այն մեկնաբանել, հրաժարվեց այս թեմայով խոսել. - «Այն մարդը չէ, որի շուրջ ես պիտի մեկնաբանություն տամ, և դա այդ հարցը չի»;

Բուհից էլ ուղիղ չասացին։ Հանրային կապի բաժնի պատասխանատու Անի Եղիազարյանը «Ազատությանը» փոխանցեց պաշտոնական պատասխանը. - «Համալսարանն այս պահին զբաղված է իր բնականոն ուսումնագիտական գործունեությամբ, Ցոլակ Ակոպյանի էջը շրջված է Բրյուսովի համալսարանի համար, և հարկ եղած դեպքում համալսարանը կանդրադառնա»։

Թեև դատարանը ազատման հրամանը ապօրինի է համարել ու պարտավորեցրել Ակոպյանին փոխհատուցել, բայց աշխատանքի վերականգնման հարցը չի լուծվել։ Դատարանն այն անփոփոխ է թողել, ըստ նախկին պրոռեկտորի՝ հիմնավորել է, թե բուհի ղեկավարի հետ լարված հարաբերությունները խոչընդոտ են։ Ակոպյանը սա համարում է անհիմն և բողոքարկելու է վերաքննիչ դատարանում։

Բրյուսովում մի քանի օրից ռեկտորի ընտրություններ են, միակ թեկնածուն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG