Մատչելիության հղումներ

Ամեն ինչ արվել է օրինական, բացահայտ. Գյուրջինյանը իր՝ Բրյուսովի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մասին


«Ամեն ինչ արվել է օրինական, բացահայտ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով իր՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուն:

Արձագանքելով իր՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու վերաբերյալ ուսանողների հնչեցրած մտահոգություններին, թե ամեն ինչ եղել է գաղտնի և ընտրված ռեկտորը հնարավորություն չունի բուհը ղեկավարելու, Գյուրջինյանն ասաց. - «Նրանց երեկ ընդունեցի, երկարատև, հետաքրքիր զրույց եղավ, ես ահագին բան պարզաբանեցի, իմ դիրքորոշումները ներկայացրեցի, ի դեպ, երիտասարդներից մեկը Բրյուսովի շրջանավարտ է և ոչ ուսանող, բայց դա էական չէ, նաև կարող էր չլիներ, ուրիշը լիներ: Հազարավորներից այստեղ մի քանիսն են, որոնք չեմ ուզում ասել՝ ուղղորդվել էին, ուղղակի որոշակի մոլորության մեջ են»:

«Ուսանողին թվում է, թե այդ ժամանակավոր խորհուրդը պետք է գնար, իրեն հարցներ, թե ինչ որոշում է կայացնում, այդ խորհուրդը գաղտագողի, ինչպես ասում են, չի գործել: Դա մի մարմին է երեք հոգուց բաղկացած, որի անդամներն են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության փոխնախարարը և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ամեն ինչ արվել է օրինական, բացահայտ», - ներկայացրեց Գյուրջինյանը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց՝ այսօր Բրյուսովի անվան համալսարանի ուսանողությունը 100 տոկոսով դասի է եղել, որևէ խաթարող բան չի եղել:

Հարցին՝ նաև բողոքո՞ղ ուսանողներն էին այսօր դասի, նա պատասխանեց. «Ինձ պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանն ասաց, որ հազվադեպ են բացակայությունները»:

Օգտատերերից մեկի հարցին՝ այս պահին Հայաստանում ռեկտորի պաշտոնն ընտրովի՞ է, թե՞ նշանակովի, Գյուրջինյանը պատասխանեց՝ «ընտրովի է»՝ շարունակելով. - «Ինձ ռեկտոր չեն նշանակել, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այնտեղ գրված է, որ այդ խորհուրդը կգործի այնքան ժամանակ, մինչև ձևավորվի հոգաբարձուների խորհուրդը, որը կանցկացնի մրցույթ և կընտրի ռեկտոր»:

Գյուրջինյանը նշեց նաև, որ կառաջադրվի ռեկտորի պաշտոնում:

Անդրադառնալով բուհերի միավորումների թեմային, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. - «Խոշորացման մասին, այո, ես հիմա էլ եմ ասում, որ Հայաստանի նման փոքր երկրին, 3 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրին այսքան պետական բուհեր.... ճոխություն է, և այդ փոքր, մանր-մունր լինելը վնասում է, ավելի լավ չէ՞ միավորել և ուժեղացնել կամ խոշորն ունենալ՝ ուժեղն ունենալ, քիչն ունենալ՝ լավն ունենալ»:

«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն, կողմ է խոշորացմանը, բայց այդ ընթացքում ինչ կլինի Բրյուսովի ճակատագիրը, դեռ վաղ է ասել, Գյուրջինյանն արձագանքեց. - «Կարծում եմ, որ տասնամյակների ավանդույթ ունեցող բուհը իր գործը լավ է ավել, հիմնականում օտար լեզուների ուսուցիչներ է պատրաստել, թարգմանիչներ և այլն, հետո ուրիշ մասնագիտություններ էլ է սկսել ներառել և այլն, իր գործը լավ է արել: Հնարավո՞ր է պետությունը լավ աշխատած, բարձր վարկանիշ ունեցող բուհը փակի անհետ կամ միավորի անհետ»:

XS
SM
MD
LG