Մատչելիության հղումներ

«Թեման տանում էինք, որ ժողովրդի հետ Սահմանադրություն ստեղծեինք». Փաշինյանն իր առաջարկից չի հրաժարվում


Չնայած նոր Սահմանադրության շուրջ քննարկումներն այս պահին այդքան էլ ակտիվ չեն, բայց Նիկոլ Փաշինյանն իր առաջարկած գաղափարներից չի հրաժարվել։ Վարչապետն այդ մասին խոսել է շաբաթավերջին՝ Գյումրիում կուսակիցների հետ հանդիպմանը, դռնփակ քննարկման մի հատվածի տեսանյութն այսօր հրապարակվեց։

Անկախության հռչակագիրը Սահմանադրությունում թողնելը Փաշինյանը շատ վտանգավոր էր համարել։ Հիմա նոր Սահմանադրությունը նա նաև առաքելություն է որակում՝ երկիրը սիրելու ապացույց։

«Եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, եթե մենք նույնիսկ բան ենք ասում, որ բոլորիս համար տհաճ է, մարդը պետք է մեր սերը զգա, որովհետև եթե մենք սիրելով չենք դա անում, մենք վատ բան ենք անում», - նշել է վարչապետը:

Թեպետ նոր Սահմանադրություն ունենալու գաղափարն ինքն է առաջարկել՝ հիմնական առաջնահերթությունը ձևակերպել, հիմա հայտարարում է՝ իրականն այն Սահմանադրությունն է, որը ստեղծում է ժողովուրդը՝ ոչ թե տեքստը, այլ՝ բովանդակությունը։

«Արդեն ցույցեր էին անում Սահմանադրության ընդունման դեմ, առանց ընկալելու, որ մենք ընդամենն այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն: Էդ Սահմանադրությունն այսօր չկա, եթե այսօր հարցնեք, թե ինչ պետք է գրած լինի այդ Սահմանադրության մեջ կամ ինչ գրած չլինի, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ Սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի այդ մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի: Մենակ մի պարագայում, եթե համարի, որ ինքն է դրա տերը և ինքն է դրա հեղինակը», - ընդգծեց Փաշինյանը:

Արդեն 2 ամսից ավելի է անցել այն օրից, երբ Փաշինյանը կարծիք հայտնեց՝ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի: Ու չնայած Ադրբեջանի նախագահը Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու ուղիղ պահանջ էր դրել, հենց դա համարել խաղաղության երաշխիք, Փաշինյանի իշխանությունը շարունակեց պնդել՝ օրենսդրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

«Փաշինյանի ելույթը մեկ նպատակ ունի՝ Հայաստանի հանրությանը համոզել ենթարկվելու ադրբեջանական պահանջներին»

Այս պնդումներն ընդդիմությանը մինչև օրս էլ չեն համոզել:

«Փաշինյանի ամբողջ ելույթը, գոնե այն մասը, որը հրապարակային հասանելի է, մի նպատակ ունի՝ Հայաստանի հանրությանը համոզել ենթարկվելու ադրբեջանական պահանջներին: Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության մնալու գինը այդ պահանջները բավարարելն է, հետևաբար բոլոր ջանքերը գործադրում է ապացուցելու, որ դրանք ոչ թե ադրբեջանական պահանջներ են, այլ դրանք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր հայտարարել է՝ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը, դրանից հետո նաև կներկայացնեն՝ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր Սահմանադրությունում։ Պնդեց՝ Սահմանադրության նախաբանի հարցով քննարկում չի եղել։

Հենց նախաբանում է Անկախության հռչակագրին հղումը, որում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակում կա։ Մինչդեռ խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանը պատմել էր վարչապետի ու խորհրդի անդամների մարտի սկզբին կայացած մի հանդիպման մասին, որտեղ քննարկվել էր թե՛ Սահմանադրության նախաբանի, թե՛ հռչակագրի հարցը: Ճիշտ է՝ ասել էր, թե որոշումներ չեն ընդունվել։

«Ներքին աշխատանքներ իրականցնում եք, այսինքն, միևնույն է՝ այն հոդվածները, որի մեջ մենք արձանագրել ենք խնդիրներ, այս պահին այդ աշխատանքները, այսպես ասած, ներքին մոնիթորինգը, վերլուծությունները իրականցվում են, բայց բուն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել ու այդ քննարկման արդյունքում որոշել ենք հենց վարչապետի հետ հարցը քննարկենք, որպեսզի հետագա անելիքներն ուրվագծվեն», - ասաց Գրիգոր Մինասյանը:

Բարեփոխումների խորհուրդը նախքան Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու մասին հայտարարությունը՝ երկու տարի աշխատել էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վրա։ Կառավարություն ուղարկված նախագծում խոսք չկա Անկախության հռչակագրի դրույթը հանելու մասին։ Հիմա դրան ընթացք չեն տալիս, ինչպես արդարադատության նախարարն էր ասում՝ հետագա աշխատանքներն ուզում են սինխրոնիզացնել վարչապետի առաջարկի հետ։ Բայց Գրիգոր Մինասյանը ոչ վարչապետի հետ հանդիպման ժամկետներ նշեց, ոչ էլ ասաց՝ կոնկրետ ի՞նչ է երկրի ղեկավարը նրանցից ակնկալում։

Խորհրդի անդամներն, ի դեպ, նոր Սահմանադրության հանրաքվեն մոտ ապագայի բան չեն համարում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG