Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Դոնբասի ևս մեկ գյուղ գրավելու մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տոնենկոյե գյուղը գրավելու մասին։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել հաղորդագրությունը։ Ուկրաինայի Գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ Տոնենկոյեն նշվել էր որպես այն բնակավայրերից մեկը, որտեղ ուկրաինական զորքերը հետ են մղել թշնամու հարձակումները։

Տոնենկոյեն փետրվարին գրավված Ավդեևկայի արևմուտքում է։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց նաև Օրլովկայի գրավման մասին։ Եթե հաղորդագրությունները հաստատվեն, դա կնշանակի, որ ռուս զինվորականներին հաջողվել է ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանության առաջին գիծը։ Ռազմաճակատի այլ հատվածներում ռուս զինվորականների առաջխաղացման մասին տեղեկություններ չկան։

Երկուստեք շարունակվում է նաև բնակավայրերի թիրախավորումը։ Մեկուկես ամսվա դադարից հետո այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը բալիստիկ ու թևավոր հրթիռներով հարվածել է Կիևին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է բոլոր հրթիռները։ Այդուամենայնիվ, հրթիռակոծության հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, բնակելի տներ ու արտադրական օբյեկտներ են վնասվել։

Ուկրաինան, իր հերթին, կրակի տակ է պահում ռուսական Բելգորոդի մարզի բնակավայրերը։ Սահմանամերձ այս քաղաքում առավոտյան հրետակոծության հետևանքով շենքեր են վնասվել, դրանց թվում՝ «Բելգորոդ Արենա»-ն։ Կան նաև տուժածներ։

Բելգորոդի մարզի իշխանությունները հաճախակի դարձած ռմբակոծությունների պատճառով սկսել են տարհանել բնակիչներին՝ նախևառաջ երեխաներին։ Առավոտյան մարդկանց տները հնարավորինս արագ լքելու կոչ է արել Գրայվորոնսկի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավարը։ Գրայվորոն քաղաքն Ուկրաինայի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա է, նախքան պատերազմն այնտեղ մոտ 6 հազար մարդ էր ապրում։ Քաղաքային շրջանը, որը ներառում է նաև մոտ մեկ տասնյակ գյուղ, սահմանակից է Ուկրաինայի Խարկովի և Սումիի մարզերին։

«Կոչ եմ անում տարածքում մնացածներին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Խնդրում եմ ճիշտ որոշում կայացնել և ժամանակավորապես լքել տարածքը», - Տելեգրամի իր ալիքում գրել է Գենադի Բոնդարևը՝ հավելելով, որ Բելգորոդի շրջանի բնակիչներին կընդունեն Յարոսլավլի մարզում։

Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում մեկ շաբաթվա ընթացքում 20 մարդ է զոհվել, հարյուրը՝ վիրավորվել։ Ավելի վաղ Պուտինը սպառնացել էր, թե ի պատասխան Բոլգորոդի ռմբակոծության Ռուսաստանը հարվածներ կհասցնի Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին:

«Իհարկե, մենք կարող ենք նույն ձևով պատասխանել, հարվածներ հասցնել և՛ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին, և՛ բոլոր նման օբյեկտներին, որոնց հարվածում է հակառակորդը։ Մենք ունենք մեր ծրագրերը և գնալու ենք ծրագրված այդ ճանապարհով», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ու թեև հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա վերջին շաբաթներին հաճախակի են դարձել, Մոսկվան շարունակում է պնդել, թե այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան կանգ չի առնելու, ըստ այդմ՝ շարունակվում են ռուսների գրոհները ճակատի ամբողջ երկայնքով։

Մինչ այդ, Արևմուտքում շարունակում են քննարկել Ուկրաինային աջակցելու հարցը։ Բրյուսելում այսօր Եվրամիության առաջնորդներն են հավաքվում՝ փորձելու ուղիներ գտնել զինամթերքի մատակարարումը Ուկրաինա արագացնելու համար: Քանի դեռ Վաշինգտոնը չի կարողանում անխափան շարունակել օգնությունը Կիևին, հիմնական բեռը եվրոպացիների ուսերին է։ Անցած տարեվերջից Ուկրաինայի համար կենսական անվտանգության ֆինանսավորման օրինագիծը հանրապետականների կողմից արգելափակվել է Կոնգրեսում։

Այդուամենայնիվ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Կիևում հայտարարեց, թե Ուկրաինային օգնության փաթեթը մոտ ապագայում քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում, ստույգ ժամկետ, սակայն, չնշեց։

«Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթահարել այս խնդիրը: Մենք այդ օգնությունը կտրամադրենք Ուկրաինային», - ասաց Սալիվանը:

Պատերազմի երրորդ տարում, ռուսական զորքերին հաջողվել է օկուպացնել Ուկրաինայի տարածքի ավելի քան մեկ վեցերորդը։

XS
SM
MD
LG