Մատչելիության հղումներ

«Կարևոր է, որ Երևանն ու Բաքուն խոսում են միմյանց հետ, երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել»․ Ջեյմս Օ’Բրայեն


Իսկապես կարևոր է, որ Երևանն ու Բաքուն խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ շեշտելով կալանավորների ազատ արձակման մասին համատեղ հայտարարությունն ու դրան հաջորդած գործնական քայլը։

«Այս շաբաթ կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ նրանց միջազգային ձգտումներին», - ասել է Օ’Բրայենը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով ականատես կլինեն, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։

«Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի», - ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին մինչև տարեվերջ, Օ’Բրայենը պատասխանել է․ - «Այն, ինչ մենք ասել ենք երկու երկրներին հետևյալն է՝ շատ ուրախ ենք աջակցել նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»:

Ճշտող հարցին, թե մինչև այս տաեվե՞րջ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․ - «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման ԱՄՆ-ի հրավերը: Հայտարարությունից ժամեր անց, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից պնդեցին՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

XS
SM
MD
LG