Մատչելիության հղումներ

Թեղիներին կփոխարինեն ձիակասկերը. կանաչապատման միջոցառումների շրջանակում սղոցը Կասկադից հասավ Զեյթուն


Երևանի կանաչապատման լայնածավալ միջոցառումների շրջանակում սղոցը Կասկադից հասավ Զեյթուն, Ուլնեցի փողոց. այստեղ փողոցի երկայնքով շարված 31 թեղիների վրա արդեն այսպես ասած մահվան թղթիկներ են՝ համաձայն մասնագիտական եզրակացության, ծառերը ենթակա են հատման:

«Էդ 31-ը ավարտելուց հետո արդեն անցնելու ենք մնացած ծառերին», - ասաց դենդրոլոգ Ալեքսանդր Բարսեղյանը​:

Բարսեղյանը Երևանի կանաչապատման կազմակերպության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի դենդրոլոգն է, պնդում է՝ այս ծառերը ծերացել են, թթվածին չեն արտադրում, ավելին՝ տհաճ բզեզներով են պատվում:

«Վնասատուներն ուտում են ծառի տերևները, բնականաբար, տերևները դեղնում են, իսկ դեղին տերևը ֆոտոսինթեզ կատարել չի կարող, հետևաբար այն թթվածին չի կարող արտադրել», - նշեց դենդրոլոգը:

Ծեր ու անպիտան թեղիներին կփոխարինեն ձիակասկ կոչվող ծառերը՝ բրգաձև սաղարթով. - «Սաղարթով ինքը ոչնչով չի տարբերվելում, ուղղակի ավելի գեղատեսիլ ծառեր են լինելու»:​

Բարսեղյանը վստահ է՝ հրաշալի ֆոտոսինթեզ կանեն, թթվածին կարտադրեն:

Թաղամասի բնակիչներից Գայանե Կարապետյանը դենդրոլոգին դժգոհությունը հայտնեց՝ չէր կարելի այդ ձիակասկերը տնկել, նոր անցնել զանգվածային հատումների:

«Հիմա տենդենցը գնում է ոչ կանաչապատման, անապատացման, հիմա տենդենցը գնում է, որ օդ չլինի շնչելու», - ասաց բնակիչը:​


Ալեքսանդր Բարսեղյանը հավաստիացրեց՝ փողոցի նոր ծառերը մոտ օրերս տնկարանից կտեղափոխվեն, ընդ որում, դրանք շիվեր չեն, 10 տարին լրացած սաղարթ ունեցող ծառեր են: Բնակիչներից մի քանիսը հատվող թեղիներից շատ դժգոհեցին՝ բզեզներն իրենց գլխին են թափվում, հետո ինչ-որ յուղ է ծորում:

Խնդիրը թեղիների տերևներն ուտող բզեզներն են՝ ծառը դրանցից փրկելու համար պարբերական բուժումներ են պետք, որ բնակիչներից Գայանե Կարապետյանի խոսքով՝ չի իրականացվել, ասում է՝ «բազմիցս եմ ահազանգել քաղաքապետարան՝ եկեք փրկեք ծառերը բզեզներից և մեզ»։

Այս թեման հիմա փակվեց, ծառերը չկան, բզեզներ չեն լինի։

Բուսաբանության ինստիտուտի տնօրենն առաջարկում է այժմ կասեցնել գործընթացը, ծրագիրը քննարկել մասնագետների հետ

Կասկադում հատված ծառերի փոխարեն սակուրաներ շարելուն զուգահեռ հանրային դժգոհություն բռնկվեց, որին ի պատասխան քաղաքային իշխանությունը արձագանքեց, թե մասնագիտական աշխատաժողովում կանաչապատման այս ռեֆորմը միայն դրական գնահատականների է արժանացել։ Երեկ հարցին անդրադարձել է Բուսաբանության ակադեմիական ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, շեշտել՝ հիվանդ ծառերի փոխարինման ընդհանուր գաղափարին են կողմ եղել, բայց նման լայնածավալ գործ սկսելու համար հստակ ծրագիր էր պետք, որ իրենք ոչ ստացել են, ոչ էլ քննարկել:

«Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն։ Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են», - նշել է Գասպարյանը։

Ծառահաման աշխատանքներ կադաստրի հարևանությամբ, 23-ը մարտի, 2023թ.
Ծառահաման աշխատանքներ կադաստրի հարևանությամբ, 23-ը մարտի, 2023թ.

Բուսաբանության ինստիտուտի տնօրենն առաջարկում է այժմ կասեցնել գործընթացը, ծրագիրը քննարկել մասնագետների հետ։ Երեկ հնչած այս հորդորը, սակայն, անարձագանք է մնացել, ավելին, փոխքաղաքապետ Ավինյանից նոր հանձնարարություն կա:

«Եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենի է, ծաղկելը ստանալ և միրգը չստանալ, մենք վստահաբար նույնը կարող ենք անել ծիրանենու հետ, և խնդրում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել», - ասել է Ավինյանը:​

Ծաղկած ծիրանենիների տակ նստած երևանցիները տարակուսած են. - «Որ ծաղկավ, մառոզ չեղավ, ծիրանը կլինի»:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, առաջատար ծառագետ Ժիրայր Վարդանյանն էլ այդ առաջադրանքը բարդ իրագործելի է համարում:

«Էդ գաղափարը նորմալ չի, որ մենք սակուրայից անցնենք ծիրանենու, էդ ծիրանի հարցը չեն կարող տենց հեշտ լուծել, որ ծաղկի և պտուղ չտա, բայց այս դեպքում այդ ցանկությունը չի լինի իրականացնել, դա հեշտ չի», - ընդգծեց ​Վարդանյանը:

Ծառագետը հիշում է՝ խորհրդային Միության ակադեմիայի անդամ, բույսերի ծաղկման հորմոնային տեսության հիմնադիր Միքայել Չայլախյանը այնքան գիտական ջանք գործադրեց, որ ծիրանի ծաղկումը մի քանի օրով ուշացնի. - «Մի քանի օրով ուշացնի, որ գարնանային ցրտահարությունից փրկի, չի ստացվել առայժմ»:​

Ծիրանենու ծաղիկները շատ սիրուն են, համաձայն է Վարդանյանը, բայց դրանք դեկորատիվ ծառ դժվար թե դառնան. - «Նրա բերք չտալու հարցը լուծված չի»​:

XS
SM
MD
LG