Մատչելիության հղումներ

Մելքոնյանը իր և ՔՊ դեմ ահաբեկչությունների ետևում «ռուսամետներին և 5-րդ շարասյանն» է տեսնում


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյան, արխիվ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյան, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են ահաբեկչության դեպքեր, որոնք ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակացության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:

Փետրվարի 10-ին և 20-ին կատարված գործողությունները, ըստ Քննչական կոմիտեի, կազմակերպել է քաղաքացի Գ.Ս.-ն և դեռևս չբացահայտված անձինք։ Նրանք, ըստ իրավապահ մարմնի, ունեցել են հակաիշխանական հայացքներ և Հայաստանի իշխանության հետ գաղափարական թշնամանք։

Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանն ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահակբեկչություն պատգամավոր Գագաիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։ Թե որ հայտարարությունների մասին է խոսքը, իրավապահ մարմինը չի մանրամասնում։ Միայն նշվում է, թե երկու անձ պայթուցիկ սարքը նետել են տան պարսպից ներս, բայց տունը պատկանել էլ է ոչ թե Մելքոնյանին, այլ նրա հարևանին։

«Կամերաները լրիվ ցույց են տալիս՝ ոնց են գալիս, ոնց են շպրտում, որ ուղղությամբ են գնում: Երկու հոգի են էղե, դեմքերն էրևում ա լրիվ պարզ», - «Ազատությանն» ասաց Գագիկ Մելքոնյանը:

Պատգամավորը նշեց՝ միայն երեկ է իմացել, որ իր դեմ ահաբեկչություն է կազմակերպվել, և հարևանի տան բակ դեռևս անցած ամիս նետված պայթուցիկ սարքի թիրախը հենց ինքն է եղել:

«Ոչ, ես չեմ իմացել, որ թիրախում ես եմ: Ուղղակի անցած օրը, երբ որ արդեն տեղեկացա ես, որ դրանց ձերբակալել են, իրենք արդեն ցուցմունք են տվել, որ տունը շփոթել են՝ փոխարեն մեր տան բակը քցեին, քցել են ուրիշ տեղ», - «Ազատությանը» ասաց Մելքոնյանը:

Իշխանական պատգամավորը կարծում է, որ այս ամենի ետևում ռուսամետ ուժերն են կանգնած, իսկ իրեն թիրախավորել են այն պատճառով, որ հաճախ է հակառուսական հայտարարություններ անում. - «Հիմնականում ես նաև խոսացել եմ Ռուսաստանի հետ կապնված, որոնք մեզ խաբել են, խամում են ու կխաբեն: Երևի էդ հակառուսական հայտարարությունների հետ կապնված լինի հիմնականում, և ինչ-որ մարդկանց երևի դուր չի գալիս»:

«20 թվի նոյեմբերի 9-ից սկսեցին պայքար ՔՊ-ի դեմ՝ ընդդիմությունը, շարասյունը 5-րդ, ռուսական ագենտները, որ, ասենք, իշխանափոխություն ըլնի, միանգամից իշխանափոխությունից հետո արդեն կգան էն մարդիկ, որ ռուսամետ են և Ռուսաստանի ենթակայության տակ կմտնեն, ու ամեն ինչը սենց հալած յուղի պես կգնա», - շարունակեց Մելքոնյանը:

«Ազատություն». - Այսինքն, Ձեր կարծիքով, ռուսամետ ուժերն են այս ահաբեկչության ետևում կանգնած:

Գագիկ Մելքոնյան. - Ռուսամետ ուժերը և մեր 5-րդ շարասյունը:

«Ազատություն». - Ընդդիմությունն է՞լ է դրա մեջ մտնում:

Գագիկ Մելքոնյան. - Ընդդիմությունը, այո, կատարում է ռուսական բոլոր պահանջները:

«Ազատություն». - Այսինքն, ստացվում է, որ ընդդիմությա՞նն եք մեղադրում նաև:

Գագիկ Մելքոնյան. - Ոնց որ քննիչ ըլնես, ասում ես՝ ես մեղադրում եմ, չեմ մեղադրում: Ես ասում եմ էն, ինչ որ կա: Սա իրանք, որ ասում ես ՔՊ-ին, ՔՊ-ի թշնամիներն ո՞վ են, ընդդիմությունը, չէ՞, որ իշխանություն ա ուզում՝ առավոտից իրիկուն...

«Ազատություն». - Ընդդիմությունը շատ լայն հասկացողություն է, խորհրդարանակա՞ն ընդդիմությունը:

Գագիկ Մելքոնյան. - Խորհրդարանական էլ, ոչ-խորհրդարանական էլ, 5-րդ շարասյունը. 5-րդ շարասյունը ռուսական գործակալների մեծ ցանց է Հայաստանում, սկզբից Ղարաբաղում Ղարաբաղի գլուխը կերան, հետո հհիմի անցան Հայաստանի գլուխն ուտելուն:

Գագիկ Մելքոնյանից բացի, ըստ Քննչական կոմիտեի, Գագիկ Սարգսյանը և չպարզված այլ անձինք թիրախավորել են նաև ՔՊ մեկ այլ պատգավոր Գուրգեն Արսենյանին՝ նրա ղեկավարած կուսակցության գրասենյակից 9 մետր հեռավորության վրա ծառի տակ տեղադրելով պայթեցման միջոց։

Զուգահեռ, պայթուցիկ սարք է տեղադրվել նաև Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակի մոտ։ Ըստ Քննչական կոմիտեի, սակայն, այս դեպքում էլ սարքերը չեն պայթել՝ պատահականությամբ, մեխանիզմի չգործելու պատճառով։

Ինչո՞ւ ՔՊ խմբակցության 71 պատգամավորներից թիրախավորվեցին հենց Գագիկ Մելքոնյանն ու Գուրգեն Արսենյանը. Քննչական կոմիտեն այս հարցի պատասխանը դեռ չի տվել։

«Թե ինչու թիրախավորեցին ինձ, պատասխանը քննչական մարմինները պետք է ստանան կազմակերպիչներից». Արսենյան

Գուրգեն Արսենյանն իր բացատրությունն ունի, որը չի ուզում բարձրաձայնել, կարծում է՝ քննությունը պետք է այդ հարցի պատասխանը տա:

«Որովհետև ես չեմ ճանաչում որևէ մեկին, ում մասին հայտարարվել ա, շփում չեմ ունեցել այդ մարդկանց հետ, քաղաքական, գործնական, կենցաղային որևէ հարաբերություն չեմ ունեցել: Անակնկալ չէր, որովհետև ցանլկացած քաղաքացի ունի իրավունք՝ անելու հավասարակշռված գործողություններ և ապուշություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ահաբեկչության գործով 4 անձ կալանավորված է

Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում է հարուցել չորս անձի նկատմամբ, չորսն էլ կալանավորված են։ Նրանց անունները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն մեկի՝ Գագիկ Սարգսյանի անունը, նա դաշնակցական է։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան դեռ երեկ էր բերման ենթարկել։ Իսկ այսօր արդեն դատարանի որոշմամբ նա մեկ ամսով կալանավորվել է։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում

Կալանավորված Գագիկ Սարգսյանի փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով շատ մանրամասներ չի կարող փոխանցել, բայց իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։

«Միանշանակ, պարոն Սարգսյանը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված այդ ենթադրյալ հանցագործությունների հետ որևէ առնչակցություն չունի», - հայտարարեց փաստաբանը:

Ընդդիմադիր Դաշնակցությունն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։

XS
SM
MD
LG