Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» հնարավոր են համարում Ուկրաինայի նախագահի այցը Երևան, բայց նաև խուսափում են գնահատականներից, թե այս փուլում այդ այցը ինչ հետևանքներ կունենա։
«Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան», - ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Որ Ուկրաինայի նախագահը պատրաստվում է Հայաստան գալ, «Ազատությանը» աղբյուրներն էին հայտնել՝ առանց այլ մանրամասների։ Միայն փոխանցել էին՝ այցը հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ Տեղեկությունն անցած շաբաթավերջին ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը։
«Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին», - ասել էր Լոբաչը:
Հայաստանի արտգործնախարարությունից ևս չէին հերքել՝ հայտնելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկում են։
Հայաստանի ու Ուկրաինայի ղեկավարները դեմ առ դեմ շփման հնարավորություն ունեցել են անցած տարի հոկտեմբերին Գրանադայում։ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ համաժողովի շրջանակում կարճ հանդիպումից հետո Զելենսկին սոցցանցերում գրել էր, որ դրա ընթացքում Փաշինյանի հետ կենտրոնացել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի վրա։
«Ուկրաինայի շահերից է բխում, որ այդ տարածաշրջանում բնակվող ազգերի միջև կայունություն և բարեկամական հարաբերություններ տիրեն», - գրել էր Զելենսկին։
Այս հանդիպումից հետո էլ արդեն Մալթայում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովի ժամանակ հանդիպել են Հայաստանի Անվտանգության քարտուղարն ու Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Անդրեյ Երմակն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե հայ-ուկրաինական հարաբերություններում «նոր կոնտեքստ» կա: Թե խոսքն ինչի մասին էր, կողմերը չէին հստակեցրել։
Վարչապետ Փաշինյանն օրերս վերահաստատեց՝ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ France 24-ին տված հարցազրույցում ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է։
«Ալմաթիի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է, ընդ որում՝ այդ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը, առաջինը, որ խորհրդային... Ընդ որում, այդ Ալմաթիի հռչակագիրը սկսել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Դա, այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա Աթայում ևս Խորհրդային Միության նախկին ևս 9 հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, առաջինը՝ որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդը՝ որ խորհրդային հանրապետությունները ստորագրած դառնում են անկախ պետություններ և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը», - հայտարարել էր Փաշինյանը:
«Երևանին չպետք է մտահոգի, թե ինչպես կարձագանքի Մոսկվան»
Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը արդյո՞ք ավելի չի սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։
Իշխող ուժից պնդում են՝ Երևանին չպետք է մտահոգի, թե ինչպես կարձագանքի Մոսկվան։ Ըստ իշխանական պատգամավորների՝ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով։
«Ուրեմն, մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանը ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, մենք էլ էնպես պիտի առաջնորդվենք», - լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ «կարելի է իրավիճակի բարդանալու համար տարբեր պատճառներ գտնել, և եթե մենք ինքնիշխան երկիր ենք, մենք ինքներս ենք որոշումներ կայացնում»: «Շատ դեպքերում, էն քայլերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող է և կատարում է որպես անկախ, սուվերեն երկիր, էդ քայլերն էլ կարող են որոշակի տրամադրություններ առաջացնել՝ նայած որ տեսանկյունից ենք էդ ամեն ինչին նայում: Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով», - ասաց Թունյանը:
«Ինչո՞ւ է գալիս, շատ ավելի լուրջ անելու բաներ ունի իր երկրում»
Մինչդեռ ընդդիմությունում համոզված են՝ Զելենսկիի հնարավոր այցը հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուց բացի Երևանին ոչ մի օգուտ չի տա։
«Ինքը որևէ բան Հայաստանին չի տա, իսկ բացասական առումով, էլի եմ ասում, ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները որևէ երկրի հետ, լավ, թողնենք Ռուսաստանը: Այս պայմաններում ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները որևէ երկրի հետ՝ հանուն ոչնչի», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանի համար տարօրինակ է՝ պատերազմի այս փուլում ինչո՞ւ է Զելենսկին այցելելու Հայաստան, ի՞նչ նպատակով։ Հիշեցնում է՝ Զելենսկին հայտնի է Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ ջերմ վերաբերմունքով, նա Արցախի հայաթափումից շատ չանցած էլ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա շնորհավորական ուղերձում շեշտել էր՝ 2023-ին Ադրբեջանը վերականգնեց ամբողջական ինքնիշխանությունը։
«Ես որևէ ռացիոնալ բացատրություն չունեմ՝ ինչի ա ինքը գալիս, որևէ ռացիոնալ բացատրություն չունեմ: Այո, էդ հայտարարության հետ ես ծանոթ եմ՝ խոսում է, որ եթե հարաբերությունը մեկը մեկուկեսին չլինի հրետանային պոտենցիալի, ապա իրենք տարածքներ են կորցնելու... Ահա այս պայմաններում անելու, չգիտեմ, կարծում եմ՝ ինքը շատ ավելի լուրջ անելու բաներ ունի իր երկրում: Բայց էդ էլ՝ ինքը՝ իրա երկիրը, ինչ ուզում ա թող անի», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Զելենսկիի հնարավոր այցի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ մեկնաբանություն չի տալիս՝ արդյո՞ք Երևանն է հրավիրել Ուկրաինայի նախագահին, թե՞ հենց Կիևի նախաձեռնությամբ է այցը։ Ի դեպ, «Ազատության» դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, թե սա Զելենսկիի տարածաշրջանային այցն է լինելու՝ նա այցելելու է նաև Բաքու։