Մատչելիության հղումներ

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան


Իշխող խմբակցությունից հայտարարում են՝ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, պետք է կողմնորոշվել՝ առկա անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, «Ազատության»-ն ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանը, ում խոսքով՝ կառավարությունն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի: Թե երբ, չհստակեցրեց։

«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց իշխանական պատգամավորը։

Որ Մոսկվայից հրավիրում կամ պարտադրում են Երևանին միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը՝ Հայաստանի պաշտոնյաները նախկինում էլ են պնդել։ Մինչ օրս, սակայն, նրանցից որևէ մեկը չի մանրամասնել՝ կոնկրետ ում կողմից է արվել այդ առաջարկը և ինչ տեսքով։ Հայաստանի վարչապետը միայն անցած շաբաթ հրապարակավ ասաց, թե Երևանը դե ֆակտո արդեն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և եթե հուզող հարցերի պատասխանը չստանա, հնարավոր է նաև դե յուրե սառեցնի։ Ի պատասխան Մոսկվայից էլ ավելի սրեցին բանավեճը։

«Ժամանակն է, որ հայկական կողմը վերջապես կողմնորոշվի»,- անցած շաբաթ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ միաժամանակ զգուշացնելով՝ դրանից ելնելով հետևություններ կանեն սեփական քայլերը պլանավորելիս։

Փաստացի, պաշտոնական Երևանը խոսում է ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, այլև կասկածի տակ դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների արդյունավետությունը։ Անցած շաբաթ Ազգային ժողովի նախագահն ավելի հեռուն գնաց, չբացառելով, թե 44-օրյա պատերազմը ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությամբ է սկսվել:

«Քննարկումներ են ընթանում»

Դրանով հանդերձ իշխող ուժից պնդում են, թե Երևանը այս փուլում ռուս սահմանապահներին Հայաստանից հանելու կամ էլ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով որոշում դեռ չունի։ Քննարկումներ են ընթանում, ասում է Գագիկ Մելքոնյանը։ Թե ինչ քննարկումների մասին է խոսքը, պատգամավորը փակագծեր չի բացում, բայց ասում է՝ դրանք ոչ միայն երկրի ներսում են, այլև ներքաղաքական դաշտից դուրս՝ Արևմուտքի հետ:

Ռազմատեխնիկական համաձայնագրերը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ, հնարավոր համագործակցությունը Հունաստանի հետ դրական են, բայց իշխանությունը, պատգամավորի խոսքով, դեռ պետք է ամբողջացնի եվրոպացի պաշտոնյաների առաջարկները, հետո որոշում կայացնի:

«Մենք արդեն կասենք՝ այ այս մարդն այս է առաջարկում, ՀԱՊԿ-ն այս է առաջարկում, ժողովուրդ ջան, եկեք, մենք մի հատ ինչ ենք անելու... գնում ենք այս մարդկանց առաջարկությունների հետևից, թե գնում ենք այս մարդկանց առաջարկությունների հետևից, որտեղ որ մեր անվտանգությունն ավելի շատ ապահովված կլինի, մենք այդ ճանապարհով պիտի գնանք», - ասաց պատգամավորը։

Մինչ այդ Մելքոնյանը չի բացառում, որ հակառակ կողմից կարող են կոշտ քայլերի դիմել, և հեռացնել Հայաստանին ռազմական դաշինքից. - «Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են»։

Ադրբեջանական հարձակումներից հետո ՀԱՊԿ-ը շարունակ առաջարկում է Հայաստանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայել, Երևանից հակադարձում են, թե կառույցը նախ պետք է քաղաքական գնահատական տա ադրբեջանական ագրեսիային ու պարզ ասի՝ որն է Հայաստանում իր պատասխանատվության գոտին։ Այժմ էլ եթե այդ գնահատականը հնչի, պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ իրադարձություններն այլ կերպ կընթանան:

«Եթե մնում եք ՀԱՊԿ-ի կազմում, մենք ձեզ խոսք ենք տալիս, որ ադրբեջանցները Հայաստանի տարածքից դուրս են գալու, և Արցախը վերադարձվում է արցախցիներին, արցախցիները գնալու են, այնտեղ բնակվեն։ Լավրովը կարո՞ղ է այսքան բան ասել», - նշեց Մելքոնյանը։

Մոսկվային և Երևանի միջև ակնհայտ հակասությունների ֆոնին երկու երկրների արտգործնախարարները Անթալիայում դեմ առ դեմ չհանդիպեցին, համենայն դեպս՝ հրապարակավ։ Առաջիկայում նախատեսված չէ նաև Պուտին-Փաշինյան շփում, այսօր Կրեմլի խոսնակն է ասել:

Ի դեպ, եթե 2022-ին Ղազախստան ՀԱՊԿ ուժեր գործուղելը Նիկոլ Փաշինյանը համարում էր այդ երկրի ինքնիշխանության համար քայլ, այսօր նրա թիմակիցը պնդեց՝ այդպես կանխվել է այդ երկրի ժողովրդավարական ուղով ընթանալու հեռանկարը. - «ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններն իրենց ներկայացուցչությունն ունեցան այնտեղ, և ճնշվեց, կարելի է ասել, ժողովրդավարական շարժումը»։

XS
SM
MD
LG