Մատչելիության հղումներ

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար


Հնդկաստանի արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնցից ձեռք է բերել նաև Հայաստանը, արխիվ
Հնդկաստանի արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնցից ձեռք է բերել նաև Հայաստանը, արխիվ

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Այս մասին գրել է պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մեկը՝ IADN-ը, ու հավելել՝ երկու խոշոր ընկերություն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջև լոգիստիկան։

Ընկերություններից մեկը՝ Container Corporation of India-ն, խոշոր բեռնափոխադրող է. մյուսը՝ HAL-ը, ավիացիայի ու պաշտպանության ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասերն էլ պետությանն են պատկանում։

CONCOR-ը նախօրեին X-ի պաշտոնական էջում շնորհավորել է համատեղ խմբին դեպի Հայաստան իրականացված առաջին թռիչքի կապակցությամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Ռազմավարական նշանակության բեռ են տեղափոխել Հայաստան, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չեն հայտնում։ Երևանը ևս նման փոխադրումները չի բացահայտում։

Իսկ ի՞նչ է օդային միջանցքը և որտեղով է այն անցնում. բառարաններն այսպես են բացատրում՝ այն երկու վայր միմյանց կապող օդային ուղի է՝ առանձնացված սահմանափակ գոտի, որը հնարավորություն է տալիս մարդկանց կամ ռազմական բեռները մի տեղից մյուսը հասցնել։ Տերմինը հաճախ մարդասիրական օգնություններ ուղարկելիս են օգտագործում։

Հրապարակված լուսանկարում երևում է՝ թռիչքը ռուսական ավիաընկերություններից մեկի բեռնափոխադրող ինքնաթիռով է իրականացվել։ «Հետք»-ը չվերթների առցանց ռադարով գտել է՝ ինքնաթիռը Իրանի օդային տարածքով է հասել Երևան, վերջին 7 օրերին երկու թռիչք է իրականացվել։

Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում էր, հանդիպեց և՛ իր իրանցի գործընկերոջը, և՛ զինված ուժերի շտաբի պետին, և՛ նախագահին: Երևանն ընդհանրական ձևակերպումներով հաղորդեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, բայց փակագծեր չբացեց։ Պարզ չէ նաև՝ արդյոք Իրանի հետ քննարկվել է ցամաքային փոխադրումների հարցը, ու ինչպես են Թեհրանում արձագանքել։

«Այս համագործակցությունը կարող է երկար տևել»

«Այստեղ ոչ մի զարմանալու բան չկա, օրինակ՝ Ադրբեջանի ու Իսրայելի ռազմատեխնիկական գործակցությունն ամբողջը հենց օդային ձևով է գնում, ես չեմ տեսնում այստեղ ոչ մի նորություն, ու լավ կլիներ, որ, օրինակ, Հայաստանն էլ ունենար ավիաընկերություն, որ ունի մեծ, ասենք, տրանսպորտային ինքնաթիռներ, որ կարող են նաև հայկական կոմպանիաները էդ ամեն ինչը անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրի Արմենիա» անկախ վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Հնդկաստանը Հայաստանին զենք վաճառող հիմնական երկրներից է դարձել. վերջին տարիներին հաղորդվել է շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի և այլ զենքերի վաճառքի մասին: Լեոնիդ Ներսիսյանն ընդգծում է՝ այս համագործակցությունը կարող է երկար տևել:

«Հնդկաստանը այսօր արտադրում է արդեն համարյա ամեն ինչ, էդ իմաստով, դուք կարող եք ընտրել՝ ինչ եք ուզում գնել: Եթե մենք վերցնենք, օրինակ, հրետանին, որ էլի հնդկական մեդիայում նշվում է, մոդելները՝ MArG 155 ու ATAGS, MArG 155-ը լրիվ, ինձ թվում է, շատ սազական է Հայաստանի բանակին հատկապես, որովհետև ինքը սարերի համար է նախատեսված՝ հենց Հիմալայներում գործելու համար, ու դա շատ ավելի ծանր միջավայր է, քան՝ մեր սարերը», - նշեց ռազմական փորձագետը:

Հայաստանը ռազմավարական ուղղություն է,- գրում են հնդկական աղբյուրներն ու շեշտում ՝ այսպիսով ոչ միայն երկու երկրների առևտրային կապերն են ամպապնդվում, այլև տարածաշրջանում Հնդկաստանի ազդեցությունն է մեծանում։

Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությանը զուգահեռ՝ Երևանը զենքի ձեռքբերումը դիվերսֆիկացնելու մասին է հայտարարել, հայ պաշտոնյաներն ասում են՝ Հնդկաստանն ու Ֆրանսիան արդեն հիմնական գործընկերներ են դարձել։

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, Ռուսաստանի Դաշնության հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիա և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև այլ տեղեր՝ Ասիայում, Հնդկաստանում, և տարբեր ուղություններով», - հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Աթենքի հետ ռազմական ոլորտում գործակցությունը ևս խորացվում է։ Հունաստանի պաշտպանության նախարարը Երևանում չբացառեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան հնարավոր համագործակցությունը։

XS
SM
MD
LG