Մատչելիության հղումներ

Ուկրաինան պետք է ունենա «սպիտակ դրոշի» քաջություն, բանակցի պատերազմի ավարտի մասին. Հռոմի պապ


Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AP-ն։

Հռոմի պապն իր կոչն արել է անցյալ ամիս շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը:

«Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի համարձակություն և բանակցում է», - ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ուժերի օգնությամբ։

Ուկրաինան հաստատակամ է մնում խաղաղ բանակցություններում Ռուսաստանի հետ անմիջականորեն չներգրավվելու հարցում, նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս ասել է, որ խաղաղ բանակցությունների նախաձեռնությունը պետք է պատկանի այն երկրին, որը ներխուժման է ենթարկվել:

Ուկրաինայի առաջնորդի «Խաղաղության ծրագիրը» կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը ողջ Ուկրաինայից և վերականգնել պետական սահմանները: Կրեմլը բացառել է Կիևի կողմից սահմանված պայմաններով խաղաղ բանակցությունների մասնակցությունը։

XS
SM
MD
LG