Մատչելիության հղումներ

52-ամյա Լիաննա Ավանեսովան սարսափով է հիշում հնգօրյա գերության ամեն մի օրը


«Մտածում եք, որ երևի դուրս չենք գալու, երևի տանելու են Բաքու...». - Լիաննա Ավանեսովան համագյուղացիների հետ հինգ օր է անցկացրել ադրբեջանական գերության մեջ։ Ադրբեջանցիների սեպտեմբերյան հարձակման առաջին թիրախը հենց նրանց փոքրիկ գյուղն էր՝ Ասկերանի Սառնաղբյուրը։ Տնից փախել, անտառում մի ծառի տակ են հավաքվել՝ մտածելով, որ այդպես ավելի ապահով կլինի, բայց պայթած արկից գրեթե բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ Լիաննայի երկու զավակները։ Որդու՝ Աշոտի աչքին ու ձեռքերին դեռ թարմ են սպիները։

«Տեսնամ՝ էս մջնեկ տղես՝ Աշոտը՝ աչքը փակված, այ սենց իմ առաջը արյունը սենց գնում ա: Հետո իմ փոքր աղջիկս՝ էլի ինքն էլ ա վիրավորվել՝ լնդերի մեջն ա, բուկն ա, ոտքն ա. սենց էլ մնացել ա՝ բուկումը, լնդերի մեջը, ոտքին էլ կա», - «Ազատությանը» պատմեց կինը:

Արկի պայթյունից հետո ոմանք մի կերպ տեղավորվել են մի մեքենայի մեջ ու Ստեփանակերտ տեղափոխվել, նրանց հետ է եղել նաև գյուղապետի վիրավոր որդին. - «Ինքը ավտոն խոդ տվեց, ինչքան երեխա կար, ինչքան վիրավոր կար, իրա երեխուն՝ տղուն, բագաժնիկը գցեց, որովհետև տեղ չկար, ու մնացածը վերցրել ու գնացել է Ստեփանակերտ՝ հիվանդանոցները: Բայց, ցավոք սրտի, իրանց տղեն Ասկերանի ճանապարհումը մահացավ»:

Ընդամենը 12 ընտանիք ունեցող Սառնաղբյուրում այդ օրը հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, 15-ը` վիրավորվել, չորսը` գերեվարվել։

Վիրավորներից ոմանք ոտքով են հեռացել, Սառնաղբյուրում մնացել են չորս հոգով, ընդ որում՝ միայն Լիաննան լուրջ վնասվածք չի ունեցել։ Վիրավոր երիտասարդին՝ Լիպարիտին թողել են ծառի տակ, քանի որ քայլել չէր կարող, իսկ երեք կանայք, երբ կրակոցները դադարել են, գյուղապետի տանն են պատսպարվել։ Սպասել են, որ մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող ռուս խաղաղապահներն օգնության կհասնեն. - «Որ վիրավորները ոտքով գնացել են ռուսի պոստը, մենք ասել ենք, որ թող ռուսները գան, օգնեն, մեզ հանեն, վիրավորներ կան: Իրանք ասել են, որ մեզ տենց հրաման չունենք»:

Ռուսների փոխարեն չորրորդ օրը ադրբեջանցիներն են գյուղ մտել. - «Գայա՛ն, Գայա՛ն, թուրքերը եկել են: Գայանը շուշուտ, շուշուտ պառկում ա կռավաթի տակը, մի քիչ գնում ա կռավաթի տակ ա մտնում: Դե Ջեմմա տատիկը երեք օր սրսկվալ չի, շաքարախտ ա, ուշքը գնում ա, ոչ մի տեղ չի հելել: Էդ թուրքերը հրացանով, բանով մտել են տուն»:

Բեկորային մի քանի վնասվածք ունեցող Գայանեին վիրակապել են, դիաբետ ունեցող Ջեմմա տատիկին՝ դեղ ներարկել, տատիկի վիրավոր որդուն՝ Լիպարիտին էլ են գտել ու վիրակապել։ Ու այդ ամենը նկարել, հրապարակել են։

Գերիների տեղափոխումն ուղեկցվել է հայհոյանքներով ու վատ վերաբերմունքով. - «Նասիլկեքով (պատգարակով) են տարել Ջեմմա տատիկին, Լիպարիտին, Գայանին՝ գլուխը գետին թխելով, քարերով թխելով, այ սենց, վիճակը վիճակ չի ըլել իրանց»:

Հասցրել են Աղդամ, որտեղ կրկին տեսախցիկների առաջ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ դարձյալ վիրավորել ու հարվածել. - «Ջեմմա տատիկն ա, Աղդամի հիվանդանոցում, ասեց դայա, բռունցքով Գայանի գլխին ա խփել, Լիպարիտի գլխին ա խփել՝ այդտեղ էդ բժիշկը, սկսել են իզդիվացա անելը (ծաղրելը)... Իրանք բերել են ու կողքից նկարել են, որ «տեսեք՝ ինչ լավ մարդիկ ենք մենք»:

Լիաննան ասում է՝ տեսախցիկի առջև լավ տպավորությունը ամրապնդելու համար նույնիսկ առողջ թևն են վիրակապել։

Արտապատկերում ադրբեջանցիների տարածած տեսանյութից
Արտապատկերում ադրբեջանցիների տարածած տեսանյութից

Այդուհանդերձ, հրապարակված տեսանյութերն են օգնել, որ գերությունից վերադառնան։ Լիաննայի զինվորական որդին է դրանք տեսել ու Կարմիր Խաչին դիմել. - «Դիմում ա տվել, որ մամային, բանին հանեցեք: Էդա միչև դիմումը, միչև բանը՝ էդա, էն Շուշիի մեր փրկարարները գալիս են՝ Կարմի Խաչով, չգիտեմ՝ փոխանակում են անում, թա ոնց են անում, չգիտեմ, մեր անձնագիրները տալիս են մեզ, ու մենք գալիս ենք՝ էդ փրկարարներով ժամը 2-ին գալիս ենք, ժամը 4-ին Ստեփանակերտում ենք ըլում»:

52-ամյա Լիաննան սարսափով է հիշում գերության մեջ անցկացրած ամեն մի օրը։ Տանն աշխատում է քիչ խոսել այդ մասին։ Բաքվում ծնված կինը 4-րդ անգամ է տեղահանվում։ Ընտանիքով հաստատվել են Գյումրիում, որտեղ փորձում են նոր կյանք սկսել։

XS
SM
MD
LG