Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորին Բաքվին վերադարձնելը հարկադրված քայլ էր. Սիրանուշ Սահակյան


Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը միակողմանի բարի կամք դրսևորեց՝ Բաքվին հանձնելով ադրբեջանցի զինվորին, ինչո՞ւ Երևանին չհաջողվեց գոնե մեկ գերու վերադարձնել. վերջին օրերին այս հարցն են բարձրացնում հայ գերիների հարազատներն ու գերիների իրավունքներով զբաղվող իրավապաշտպանները։

«Փոխեին, գոնե մի երկու հոգու հետ, թեկուզ իմ հայրը չլիներ, մեկ ուրիշը լիներ, մեր երեխեքից լինեին, իմ հայրը էլի ոչինչ, մի քիչ մեծ մարդ է, բան չունեմ ասելու, բա մեր երեխե՞քը». - Լիլիթ Բաբայանի հայրը՝ 71-ամյա Մադաթ Բաբայանը Արցախում անցած սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ էր գերեվարվել։ Տարեց տղամարդը հայրենի գյուղից՝ Գետավանից չէր հեռացել, հետո հայտնվել էր Բաքվում, դարձել մեղադրյալ մոտ 30 տարի առաջ Խոջալուի դեպքերին մասնակցելու հոդվածով։

«Հարյուր տոկոս, որ արդար չի: Փոխանակեին, էլի, ինչի՞ էն 2-ին տվեցին՝ 32-ին բերեցին, իսկ էս մեկին էլ տային՝ գոնե երկուսը վերցնեին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լիլիթ Բաբայանը:

Բաքվին երեք օր առաջ փոխանցված զինծառայողին Հայաստանում նախ ծանր մեղադրանքներ առաջադրեցին՝ դիվերսիայի, ազգային, կրոնով պայմանավորված ատելության շարժառիթով սպանության և սահմանն ապօրինի հատելու փորձ։ Հետո, օրեր անց, Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց ադրբեջանական կողմի պնդումը, որ նա մոլորվել է։ Տեղ գյուղի բնակիչներն, ի դեպ, «Ազատությանը» պատմել էին, որ զինծառայողը Հայաստանում է հայտնվել ադրբեջանական դիրքում եղած վեճից հետո։ Գյուղացիները կրակոցներ ու աղմուկ-աղաղակ էին լսել։

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ զինվորի արտահանձնումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հարկադրված քայլ. - «Այստեղ մենք ոչ թե գործ ունենք իրական մարդասիրության հետ, որովհետև եթե մարդասիրությունը սկզբունք է, ապա այն պետք է ապահովվի նաև սեփական քաղաքացիների հանդեպ՝ արդարության սկզբունքի հաշվառմամբ, այս դեպքում մենք ունենք դարձյալ ճնշում, և այդ խաղաղասիրական գործընթացներում պարտադրվել է ազատ արձակումը, որը մեկնաբանվել է, որ առաջընթաց կապահովի հայ-ադրբեջանական երկխոսությունում»:

Սահակյանը բազմաթիվ օրինակներ ունի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մոլորված քաղաքացիներ, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներով շարունակում է պահել բանտերում ու հրաժարվում հայրենադարձել։

«Վիգենը, Գևորգը և Դավիթը՝ նրանք քաղաքացիական անձինք են, որոնք կոնֆլիկտի անմիջական մասնակից չեն եղել, ավելին՝ փորձել են մուտք գործել ԼՂՀ տարածքներ՝ տեղեկացված չլինելով դրանց օկուպացիայի մասին։ Ընդ որում, կարող ենք ասել, որ հայկական կողմն էլ պատշաճ նախազգուշական միջոցներ չի իրականացրել, որի պայմաններում նույնիսկ մուտք գործելու դիտավորության հետ կապված մենք հարցեր ունենք. այս անձանց ընկալումներում դեռևս այդ տարածքները վերահսկվել են հայկական ուժերի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը:

Անցած դեկտեմբերին Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների, որոնցից մեկը դատապարտվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ և առաջ հետևողական լինի սեփական քաղաքացիների պաշտպանվածության առումով, պահանջատեր լինի, որ այլ երկրները ոչ թե բարի կամք պարզապես դրսևորեն, այլ կատարեն իրենց միջազգային հանձնառությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և այդ պարտավորությունների չկատարման պայմաններում որևէ բարի կամքի դրսևորում չցուցաբերի այդ երկրի քաղաքացիների հանդեպ», - ընդգծեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը:

Արդեն վեց ամիս հոր հետ միայն ամսական մեկ անգամ հեռախոսով կարճ զրուցող Լիլիթ Բաբայանը վերջերս է ծանրոց ուղարկել՝ սիրած կոնֆետից մինչև տաք հագուստ, բայց, մեկ է, ո՛չ ծանրոցը, ո՛չ հոր ուղարկած նամակները ցավը չեն մեղմացնում։ Կխաղաղվեն, երբ ողջ-առողջ տուն գա:

Վարչապետ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հավաստիացրել էր, թե ամեն օր աշխատում են գերիներին տուն բերելու համար, բայց Ադրբեջանում բանտարկված 23 հոգու հնարավոր վերադարձի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG